«Իսլամական պետությունը» վերջին օրերին Սիրիայի Քոբանի քաղաքի վրա կատարած հարձակման ժամանակ սպանել է 200 մարդու, որոնց թվում կա նաև ազգությամբ հայ: Այս մասին հայտնում են թուրքական «Ռադիկալ» և «Հյուրիյեթ» թերթերը. փոխանցում է Horizon Weekly-ն:

 

Քոբանիում սպանված հայի եղբայր Հակոբ Թովմասյանը «Ռադիկալ» թերթին հայտնել է, որ ԻՊ-ի հարձակումից հետո Քոբանիի 8 հայ ընտանիքներից մեկն ապաստանել է Ուրֆայում, մյուսը' Հաթայում, մեկ ուրիշը' Հալեպում, իսկ անձնագիր ունեցող երկու ընտանիք տեղափոխվել է Հայաստան:

 

Մնացյալ երեք հայ ընտանիքներն ապաստանել են թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող Թուրքիայի Սուրուչ շրջանի գաղթականների վրանային ճամբարում: ԻՊ-ի վերջին հարձակումից առաջ Հակոբի եղբայրը փափագել է գաղթականների ճամբարից ընտանիքով վերադառնալ Քոբանի: Նա իր 14-ամյա երեխայի հետ վերադարձել էր Քոբանիում գտնվող տուն' աշխատանքը կարգավորելու համար, սակայն սպանվել է հունիսի 24-ին:

 

Հոր մահը սեփական աչքերով տեսած 14-ամյա Արամը «Ռադիկալի» լրագրողներին պատմել է, որ իսլամական ծայրահեղականները գնդակահարել են արյունլվա վիճակում գտնվող հորը, ով լարելով իր վերջին ուժերը՝ որդուն հանձնարարել է անմիջապես փախչել: Սպանվածը չորս երեխաների հայր էր: Ընտանիքի անդամները չունեն անձնագիր, որպեսզի կարողանան մեկնել Հայաստան: Նրանք այժմ գտնվում են Սուրուչի ճամբարում: