Հռոմի Ֆրանցիսկոս պապը, որը շրջագայություն է կատարում Լատինական Ամերիկայի երեք ամենաաղքատ երկրներում, հայտարարել է հասարակության առավել խոցելի անդամներին այն վտանգներից պաշտպանելու անհրաժեշտության մասին, որոնք իր մեջ թաքցնում է կապիտալիզմը:

 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, քահանայապետն այդ մասին ասել է Բոլիվիայի Էլ Ալտո բարձրլեռնային քաղաք ժամանելուց հետո, որտեղ նրան ողջունել է Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը: Նա քահանայապետին է նվիրել կոկայի տերևներ, որը երկրում համարվում է սրբազան բույս, որն օգնում է հաղթահարելու ճնշումը մեծ բարձրության վրա:

 

Մորալեսը նաև արտասանել է ողջույնի հակիրճ ճառ: Ըստ որում, նա ստիպված է եղել պլանավորված 15-րոպեանոց ելույթը կրճատելու մինչև հինգ րոպե, քանի որ Հռոմի պապը հոգնել էր ճանապարհից:

 

Ֆրանցիսկոս պապի շրջագայությունն սկսվել է հուլիսի 6-ին: Ֆրանցիսկոսի իջևանելու առաջին վայրը եղել է Էկվադորը, իսկ Բոլիվիա կատարած այցից հետո Հռոմի պապը մտադիր է այցելել Պարագվայ, հաղորդել է BBC-ն: