Հռոմի Ֆրանցիսկոս պապը, Վաշինգտոնում ելույթ ունենալով ԱՄՆ-ի Կոնգրեսի զույգ պալատների համատեղ նիստում, հայտարարել է, որ ԱՄՆ-ում պետք է մարդասիրական վերաբերմունք ցուցաբերվի ներգաղթյալների նկատմամբ: Ընդսմին քահանայապետը, որի խոսքը պարբերաբար ընդհատվում էր ծափահարություններով, միաժամանակ դիմել է հանրապետականներին ու դեմոկրատներին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Հռոմի պապը կոչ է արել հյուսիսամերիկյան բոլոր նահանգներին՝ հրաժարվել մահապատժից, որը մինչ այժմ գոյություն ունի դրանցից երեսունում:
Նա նաև արծարծել է աբորտների արգելման թեման՝ ասելով, որ մարդկային կյանքը պետք է պաշտպանված լինի:
Սեպտեմբերի 24-ի երեկոյան Հռոմի պապը ուղևորվել է Նյու Յորք:
Հավելենք, որ ԱՄՆ-ի 80 մլն բնակիչներ կնքված կաթոլիկներ են: Երկրի Գերագույն դատարանի ինը դատավորներից վեցը կաթոլիկներ են: ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամների 31 տոկոսը և երկրի բնակչության 22 տոկոսը կաթոլիկներ են: ԱՄՆ-ի պատմության մեջ կաթոլիկներ են եղել նախագահ Ջոն Քենեդին և փոխնախագահ Ջո Բայդենը:
Ներկայիս նախագահական մրցարշավին մասնակցում են վեց կաթոլիկ հանրապետականներ՝ ավելի շատ, քան երբևէ: