Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը կարծում է որ, Եվրոպայի ապագան գտնվում է դժվարին իրավիճակում, հաղորդել է Reuters գործակալությունը:

 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Բրյուսելում ավելի քան տասնհինգ ժամ է, ինչ ընդհատումներով տեղի է ունենում Հունաստանի շուրջը եվրոգոտու երկրների ղեկավարների գագաթնաժողովը (Եվրագագաթնաժողով):

 

«Այսօր Եվրոպայի ծրագիրը գտնվում է դժվարին իրավիճակոում»,- հայտարարել է Շուլցը Deutschlandfunk ռադիոկայանի եթերում: «Բրյուսելում բոլորն սպասում են արդյունքի, և եվրոգոտին կարող է կազմալուծվել մասերի»,- հավելել է նա:

 

Եվրամիության նախագահ Դոնալդ Տուսկը հուլիսի 12-ին ԵՄ-ի կիրակնօրյա գագաթնաժողովը չեղյալ է հայտարարել այնքան ժամանակ, «մինչև եվրոգոտու երկրների ղեկավարների գագաթնաժողովում (Եվրագագաթնաժողով) չավարտվեն Հունաստանի շուրջը բանակցությունները, գագաթնաժողով, որն սկսվել է հուլիսի 12-ին (Երևանի ժամանակով) 18.00-ից հետո:

 

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը և Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը ներկայացրել են Հունաստանի պարտային հիմնախնդրի լուծման փոխզիջումային նախագիծ:

 

Ինչպես հուլիսի 13-ին ՌԻԱ Նովոստիին հաղորդել է Եվրախորհրդարանի քաղաքական խմբերից մեկի մի աղբյուր, եվրոգոտու երկրների ղեկավարները չեն պաշտպանել Գերմանիայի ֆինանսների նախարարության ղեկավար Վոլֆգանգ Շոյբլեի առաջարկությունն՝ արժութային դաշինքի կազմից ժամանակավորապես՝ 5 տարով, Հունաստանի դուրս գալու մասին, եթե համաձայնություն ձեռք չբերվի վարկերի շուրջը: