18-ամյա Գևորգ Գալստյանի համար շուտով նոր կյանք է սկսվում. համազգեստ, առավոտյան շարային վարժություններ, պարապմունքներ ու զինվորական դասընթացներ: Մինչ ՊՆ կենտրոնական հավաքակայան այցելելն ու զորակոչի վիճակահանությանը մասնակցելը Գևորգը հարյուրավոր նորակոչիկների պես առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդ, Մատենադարան, Պատմության թանգարան: Նախաձեռնությունը ՀՀ պաշտպանության նախարարությանն է: Նպատակն է՝ բանակ զորակոչվող պատանուն ներկայացնել երկրի պատմությունը, մշակութային օջախները՝ այս կերպ ավելի ուժեղ կերպով սերմանելով հայրենասիրություն:

 

«Արմենպրես»-ի հետ զրույցում Գևորգը խոստովանում է, որ այսօր այցելած վայերում էլի էր եղել, սակայն այս անգամ գիտակցությունն էր այլ: «Շատ կարևոր է, որ ապագա զինվորների համար մշակութային ծրագիր են կազմել: Շատ հետաքրքրական էր: Ես էլի էի եղել Ծիծեռնակաբերդում, Մատենադարանում, բայց այս անգամ այլ կերպ էի լսում, ընկալում»,- ասում է Գևորգը՝ հավելելով, որ բանակում ծառայելուց չի վախենում, եկել է պատրաստված ու չի անհանգստանում, թե որտեղ պետք է ծառայի:

 

Մինչ բանակ զորակոչվելը, մշակութային օջախներ այցելության ծրագիրն ընդամենը մեկ տարի է, ինչ գործում է: Նպատակը բանակը մարդակենտրոն ստեղծելն ու նպաստելն է մարդու իրավունքի համակարգի ձևավորմանը Զինված ուժերում: «Արդեն մեկ տարի է՝ նորակոչիկները Երևանում այցելում են Ծիծեռնակաբերդ, Մատենադարան, Պատմության թանգարան, իսկ մարզերում հնարավորություն ունենում ծանոթանալ տվյալ մարզի պատմամշակութային արժեքներին, քանի որ դրանք հպարտության և պատասխանատվության զգացում են առաջացնում յուրաքանչյուր անհատի մոտ՝ իր հայրենիքի պաշտպանությունն ավել բարձր մակարդակի իրականացնելու համար»,- «Արմենպրես»-ին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

 

Մշակութային օջախներ այցելություն իրականացվում է նաև ծառայության ընթացքում: Մասնավորապես, մեծ ուշադրություն է դարձվում, որ զինվորների երդման արարողությունը տեղի ունենա տվյալ բնակավայրի պատմական, մշակութային ամենահայտնի վայրերից մեկում, իսկ ծառայության ընթացքում կազմակերպվում են այցելություններ դեպի զորամասին հարակից եկեղեցիներ, թանգարաններ, հնավայրեր: