Լոռու մարզի Վանաձոր քաղաքում հուլիսի 16-ին կրկին արձանագրվել է սնկից թունավորման դեպք' 1 տուժածով: Թունավորման պատճառը հիվանդի կողմից հավաքված սնկի օգտագործումն է սննդում:
Տուժածը հոսպիտալացվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Նրա վիճակը գնահատվել է միջին ծանրության, հիվանդը ստացել է անհրաժեշտ բուժօգնություն և դուրս գրվել առողջացումով:
ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին զգուշացնում է չհավաքել կամ չգնել և սննդում չօգտագործել անծանոթ և անհայտ ծագման սունկ, չհավաքել սունկ, որն աճում է ավտոճանապարհների ու երկաթգծերի մոտակայքում, քանի որ սնկում կուտակվում են թունավոր նյութեր և այն դառնում է օգտագործման համար ոչ պիտանի, սննդում չօգտագործել հում սունկ, սունկ գնել միայն շուկայից և խանութներից' իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում, չգնել խառը, չտեսակավորված սունկ:
Չի թույլատրվում խառը սնկի վաճառքը, այն պետք է տեսակավորված լինի, հղի կանանց, կերակրող մայրերին և երեխաներին խորհուրդ չի տրվում սննդում սունկ օգտագործել, ցանկալի չէ սնկի օգտագործումն ալկոհոլի հետ, քանի որ սպիրտը նպաստում է օրգանիզմում թույների արագ ներծծմանը:
Սնկից թունավորման ախտանշանները կարող են ի հայտ գալ սննդում սնկի օգտագործումից հետո 1.5-2 ժամ անց: Թունավորման նախնական ախտանշաններն են սրտխառնոց, փսխում, սուր ցավեր որովայնի շրջանում, ջերմություն, ստամոքի և բարակ աղու բորբոքում, գլխապտույտ:
Դրանց ի հայտ գալուն պես անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի: