Երևանի «Միկա» մարզադահլիճում մեկնարկած Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում 65 կգ քաշային կարգում չեմպիոն դարձավ Դավիթ Սաֆարյանը:
Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը բրոնզե մեդալի համար պայքարի մեջ մտավ Գարիկ Բարսեղյանն (57 կգ), ով 9-0 հաշվով հաղթեց Արտյուշ Արզիլին: Այս քաշային կարգում ոսկե մեդալը խաղարկեցին Ռուսաստանի ներկայացուցիչ Կուրեշ Դոդուկուլը և վրացի Վլադիմիր Կինջեգաշվիլին: Հաղթող դարձավ Վրաստանը ներկայացնող ըմբիշը:
65 կգ քաշային կարգում ոսկե մեդալի համար մրցեց աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը, ով մրցում էր ռուս Մենգի Մորտույուլի հետ: Սաֆարյանը հաղթեց 6-3 հաշվով և ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից արժանացավ նաև «Նիվա» ավտոմեքենայի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս քաշային կարգում բրոնզե մեդալի համար գորգ դուրս եկավ Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Արթուր Բաղդասարյանը: Վերջինս պարտվեց Ուլուկման Մամտովին: 74 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար պայքարում Գրիգոր Գրիգորյանը դժվարին մենամարտում 6-4 հսշվով հաղթեց ռուս Աստամազ Սանակոևին: Իսկ քաշային կարգի չեմպիոն դարձավ Դավիթ Տայլորը՝ ԱՄՆ-ից:
Օրվա վերջին մեդալների հավաքածուն խաղարկեցին 97 կգ քաշային կարգի ներկայացուցիչները, որտեղ հոբելյանական 20-րդ մրցաշարի հաղթող դարձավ Մոհամայի Մոհամադյանը: Այս քաշային կարգում Հայաստանը մեդալների համար պայքարում ներկայացուցիչ չուներ:
Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Ստեփան Սարգսյանի անվան մեծահասակների ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարն անցկացվում է 20-րդ անգամ: 20-րդ՝ հոբելյանական մրցաշարը տեղի է ունենում Երևանի «Միկա» մարզադահլիճում: Մրցաշարին մասնակցում են 15 երկրների պատվիրակություններ. Հայաստանից, Վրաստանից, Իրանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Հունաստանից, Սերբիայից, Մակեդոնիայից, Բելառուսից, Ուկրաինայից, Ղազախստանից, Կիրգիզիայից և Ուզբեկստանից: