Ղազախական «Կայրաթ»-ի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը մեծ սպասելիքներ ունի «Ալաշկերտ»-ի հետ խաղից և առավել մեծ հարգանք է տածում հայկական ֆուտբոլի նկատմամբ:

 

 

«Միշտ էլ, երբ առաջին խաղում դրական արդյունք ունես, չի նշանակում, որ առիթ կա թուլանալու: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում «Ալաշկերտ»-ի հետ խաղին: Նրանք լավ մրցակից են, և մեզ մոտ ապացուցեց, որ լավ թիմ է: Հաջողությունը մեզ ժպտաց և խփեցինք 3 գնդակ»,- լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Կայրաթ»-ի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը:

 

 

Նրա խոսքով՝ «Ալաշկերտ»-ը տեխնիկապես ուժեղ թիմ է: «Մենք լավ գիտենք ձեր թիմը, և ես այն կարծիքին եմ, որ ձեր մարզիչը ևս լավ գիտի իր թիմի որակները: Ես մեծ հույսեր եմ կապում իմ տղաների հետ, որոնք բոլորն էլ հասկանում են այս խաղի արժեքը: Մեծ հարգանքով ենք վերաբերվում «Ալաշկերտ»-ին և ձեր երկրին»,- ասաց նա:

 

 

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի «Ալաշկերտ»-«Կայրաթ» հանդիպումը կկայանա հուլիսի 23-ին՝ Երևանի «Հանրապետական» մարզադաշտում: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին: