Թուրքիան և ԱՄՆ-ն պայմանավորվել են Սիրիայի հետ սահմանի երկարությամբ անվտանգության գոտի ստեղծելու մասին, որը, ինչպես սպասվում է, Վաշինգտոնին և Անկարային կօգնի «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում:

 

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ամերիկյան The Wall Street Journal հանդեսը:

 

 

Խոսքը Սիրիայի Հալեպ նահանգում Եփրատ գետից արևմուտք՝ Թուրքիայի հետ սահմանին 68 կմ երկարությամբ և մինչև 25-30 կմ լայնությամբ հատվածի մասին է: Եթե նախագիծն իրականանա, ապա ամերիկյան ռազմական տեխնիկան կհայտնվի ինչպես ԻՊ-ի մարտիկների, այնպես էլ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարական զորքերի դիրքերին անմիջապես մոտ տարածքում:

 

 

Անցյալ շաբաթ Թուրքիայի իշխանությունները հայտարարել էին, որ համաձայն են ԱՄՆ-ի ավիացիային թույլ տալ ԻՊ-ի դիրքերի դեմ թռիչքներ իրագործել Ինջիրլիք ավիաբազայից, որը մոտ է Սիրիայի հյուսիսին:

 

 

Թուրքիայի խնդրանքով հուլիսի 28-ին ՆԱՏՕ-ի խորհուրդը պետք է հավաք անցկացնի, որպեսզի խորհրդատվություններ անցկացնի Հյուսիսատլանտյան պայմանագրի 4 հոդվածներով:

 

 

«Թուրքիան այդ հանդիպումը խնդրել է անցկացնել վերջին օրերին տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից հետո իրավիճակի լրջության հետ կապված, ինչպես նաև, որպեսզի դաշնակիցներին տեղեկացնի իր կողմից իրականացվող միջոցառումների մասին: ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն ուշադրությամբ հետևում են իրադարձությունների զարգացումներին և համերաշխություն են ցուցադրում Թուրքիային»,- ասվում է դաշինքի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ: