Ադրբեջանի իշխանությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններում կարող է առերեսվել լեգիտիմության խնդրի հետ, եւ ներկայում այս հարցը քննարկման թեմա է դարձել իշխանության ներսում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ազադլըգ» թերթը:

 

Թերթին հասած տեղեկություններով' Արեւմուտքի հետ Ադրբեջանի իշխանության հարաբերությունների վատացումը, առաջիկա խորհրդարանական ընտրություններին Եվրոպայի խորհրդարանի կողմից դիտորդներ չուղարկելը, միաժամանակ պատգամավորների կողմից անկախ դիտորական առաքելություն իրականացնելու դեմ դրված արգելքն իշխանության համար անելանելի վիճակ է ստեղծել:

 

Ըստ թերթի' հենց այդ պատճառով է, որ իշխանությունը ԵԱՀԿ-ին դիմել է դիտորդական առաքելություն ուղարկելու խնդրանքով' չնայած նրան, որ ԵԱՀԿ-ի հետ իշխանության միջեւ հարաբերությունները լարված են:

 

«Այդ հարաբերությունները նույնիսկ այն մակարդակի են հասել, որ իշխանությունն արգելք է դրել ԵԱՀԿ-ի Բաքվի գրասենյակի գործունեությանը: Սակայն, իշխանությունը չի ցանկանում ընտրություններն անցկացնել միայն ԱՊՀ դիտորդական առաքելության եւ տեղական դիտորդների հետ, քանի որ ԱՊՀ դիտորդական առաքելության կարծիքը լուրջ չի ընդունվում միջազգային հարթակում: Դրա հետ միասին իշխանությունը հասկանում է, որ եթե ընտրություններն անցկացնեն ավանդույթի վերածված կերպով, ԵԱՀԿ-ի կարծիքը ողջունելի չի լինելու: Այդ տեսակետից' իշխանությունը ճանապարհներ է որոնում ի ր լեգիտիմության խնդիրը լուծելու համար», -նշել է թերթը:

 

Թերթի որոշ տեղեկություններով' իշխանությանն առաջարկվել է ընտրություններում ներգրավել միջազգային հրապարակում ճանաչված exit-poll կազմակերպություններ եւ ունենալ ԵԱՀԿ դիտորդական առաքելության գնահատականի վերաբերյալ այդ կազմակերպությունների կարծիքը եւս:

 

«Սակայն, իշխանությունը չի ընդունել այդ առաջարկը: Քանի որ հասկանում է, որ արդյունքները չեն լինելու իր օգտին: Վերջին օրերին իշխանությանը մոտ կանգնած կազմակերպությունների կողմից կարծիքի հարցումների անցկացումը եւս կապված է առաջիկայում սպասվող լեգիտիմության խնդրի հետ: Իշխանությունը դրանով աշխատում է ապացուցել, թե իբր բարձր վարկանիշ ունի ժողովրդի մեջ: Սակայն, միջազգային կառույցներ լուրջ չեն ընդունում այդ հարցումների արդյունքները», -ընդգծել է թերթը:-