ԱՄՆ-ը ցանկանում է, որ հայ-ադրբեջանական սահմանին եւ շփման գծում լարվածությունը նվազի, պահպանվի հրադադարի ռեժիմն ու կողմերը բանակցության եւ երկխոսության ճանապարհով հասնեն հակամարտության կարգավորմանը: Այս մասին հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը' ի պատասխան «Արմենպրես»-ի հարցի, թե ինչպես է ԱՄՆ-ը գնահատում այն հանգամանքը, որ Բաքվում Եվրոպական խաղերի ավարտից հետո Ադրբեջանը կրկին ապակայունացնում է իրավիճակն ու խախտում հրադադարի ռեժիմը թե՛ Հայաստան-Ադրբեջան սահմանին, թե՛ արցախա-ադրբեջանական շփման գծում:
«Միացյալ Նահանգները բազմիցս կոչ է արել կողմերին' ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի պահպանվի հրադադարի ռեժիմը: Սա այն կոչն է, որ արել են համանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին տարածաշրջան վերջին այցելության ժամանակ: Մենք հույս ունենք, որ կողմերը կցուցաբերեն զսպվածություն, ինչպես դա արվել էր վերջին ամիսներին, ինչը միայն կնպաստի խնդրին վերջնական լուծում տալու մեր ջանքերին: Եթե կողմերն իսկապես ցանկանում են կարգավորում բանակցությունների ճանապարհով, ապա նրանք պետք է նվազեցնեն լարվածությունը թե՛ արցախա-ադրբեջանակ ան շփման գծում, թե՛ Հայաստան-Ադրբեջան սահմանին»,- ասել է Ուորլիքը: