Ուրուգվայից մոտ 50 ուխտագնացներ օգոստոսի 6-ի առավոտյան այցելել են Բիքֆայայի Սուրբ Աստվածածին վանք:
Նրանք հիացմունքով շրջել են վերանորոգված վանքի տարածքում, մասնավորա պես այցելել են Հայոց ցեղասպանության հուշարձան, Նահատակների խորան և այլ կառույցներ:
Ապա ուխտավորներն այցելել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսին: Նրանց ուղղված իր հայրապետական խոսքում Նորին Սրբությունը նախ հիշել է 1983թ. իր միօրյա այցելությունն Ուրուգվայ և գնահատանքով է արտահայտվել Ուրուգվայի գաղութում հայկական արժեքներին ու ավանդություններին հավատարմության վերաբերյալ:
Վեհափառ Հայրապետը նաև անդրադարձել է Հայ դատի հարցով Ուրուգվայի պետության զորակցությանը՝ հիշեցնելով, որ Ուրուգվայն առաջին պետությունն է, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ուխտավորներն այցելել են Անթիլիասի մայրավանք և մոտիկից ծանոթացել մայրավանքի զանազան բաժինների, հատկապես նահատակների մատուռի և Կիլիկիո թագանրանի հետ:
Նախօրեին նրանք այցելել էին Հայոց ցեղասպանության որբերի «Արամ Բեզիքյան» թանգարան: Ուրուգվայի ուխտավորները «Մարաշ» հայրենակցական միության անդամներ են և դեպի Հայաստան ու Լիբանան ուխտագնացությունը կազմակերպված է Լիբանանի և Ուրուգվայի «Մարաշ» հայրենակցական միությունների համագործակցությամբ: