Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը կապ է հաստատել Սիրիայի նախագահական պալատի հետ՝ կոչ անելով զորք ուղարկել Քեսաբ գյուղաքաղաքի անվտանգությունն ապահովելու համար: Ինչպես հաղորդում է Khabararmani արաբալեզու կայքը, իր հերթին Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հրամանով Լիբանանում Սիրիայի դեսպան Ալի Աբդել Քարիմն Անիթլիասում այցելել է Արամ Ա-ին: Դեսպանը նախագահի անունից հաստատել է, որ Սիրիան և սիրիական բանակը հնարավոր ամեն ինչ կանեն վերահաստատելու Քեսաբի խաղաղությունը: Հանդիպմանը նաև ներկա էին Լիբանանի հայ պատգամավոր Հակոբ Բագրատունին և Կենտրոնական կոմիտեի հերթապահ Հակոբ Խաչերյանը:
Մի քանի ժամ տևած հանդիպման ժամանակ սիրիացի դեսպանը հստակ նշել է, որ Թուրքիան ոչ միայն քաջալերել է զինյալների մուտքը Քեսաբ, այլև զենքեր է տրամադրել: Նա նաև նշել է, որ Սիրիայի նախագահը և երկրի իշխանությունները խոր հարգանք են տածում հայ ժողովրդի հանդեպ և սիրիահայերին համարում են սիրիական հայրենիքի հավատարիմ քաղաքացիներ: Դեսպանը նաև տեղեկացրել է, որ Լաթաքիայի նահանգապետն այցելել է եկեղեցում և դպրոցում հաստատված սիրիահայերին և խոստացել է օգնել հնարավոր ամեն ինչով: Վեհափառ հայրապետն իր հերթին ողջունել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի նախաձեռնությունը և հանձնառությունը: Նա նշել է, որ Քեսաբը խորհրդանշական իմաստ ունի հայ ժողովրդի համար՝ հիշեցնելով, որ նույն ցեղասպան Թուրքիան առիթը օգտագործում է հարված հասցնելու հայ ժողովրդին:
Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումը սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանի ութ կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքի մեջ գրեթե բնակիչներ չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Հայերի մեծամասնությունը ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի մոտ գտնվող ազգային կառույցներում: Տեղի Հայ շտապօգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկի կա զմակերպության հետ անհրաժեշտ պարագաներով և սննդով ապահովել է բնակիչներին: