«Շրջանառության հարկի մասին օրենքում Կառավարության ընդունած որոշումը' ՓՄՁ-ների 3.5 տոկոս հարկային բեռի բարձրացումը 5 տոկոսի նոր շարժման սկիզբ է դրել: Քաղաքացիները նախատեսում են հինգշաբթի առավոտյան՝ 10:30 -ին, բողոքի ցույց անցկացնել Կառավարության շենքի դիմաց: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հարցին ի պատասխան բողոքի ակցիայի նախաձեռնող խմբի անդամ Արսեն Արզանյանն ասաց, որ ՓՄՁ-ներին առաջարկվել է երկու տարբերակ՝ շատ վատ և վատ: Ընտրվել է երկրորդ տարբերակը՝ վատը:

 

«Այս օրենքով ՓՄՁ-ն հայտնվում է կոլապսի մեջ, այսպես ասած՝ հարկային բեռի նվազեցումն, ըստ էության, ավելացման է տանում: Մենք առաջարկում ենք, որ 5 %-ի փոխարեն լինի 3.5 %, ինչպես նախորդ տարիներին, եթե օրենքը նախատեսեր 3.5 % ցանկացած ՓՄՁ կաշխատեր»:

 

Թե ինչու հիմա որոշեցին բողոքի ակցիաներ կազմակերպել, Արսեն Արզանյանը պատասխանեց. «1.5 ամիս է մենք աշխատում ենք այս դրույքաչափով, արդեն ակնհայտ է դառնում, թե ինչ խնդիրներ է առաջանում: Բացի այն, որ կառավարությունը հաշվի չէր առել՝ 5 տոկոսը բազմաթիվ ՓՄՁ-ների կարող է փակման տանել, կառավարությունը հաշվի չէր առել, որ առևտրաշրջանառության անկում ևս կգրանցվի:

 

Մտածողության խնդիր կար, եռամսյակը մեկ է հաշվետվություն տալիս ՓՄՁ-ն, երբ վճարման օրը գա, այդ ժամանակ միայն բոլորս կհասկանանք, թե ինչ իրավիճակի մեջ ենք հայտնվել»,- ասաց Արզանյանը:

 

Նախաձեռնության մեկ այլ անդամ Սևան Աղաջանյանը նշեց, որ հանդիպումներ են ունեցել ՓՄՁ ներկայացուցիչների հետ և ստացել են նրանց աջակցությունը: Տեղեկացրեց նաև, որ հինգշաբթի օրը այս առթիվ նամակ է հղվելու վարչապետին: