ԱՄՆ-ի բանակի զամաքային զորքերի շտաբի պետ գեներալ Ռեյմոնդ Օդիեռնոն այն կարծիքին է, որ Ռուսաստանն ԱՄՆ-ի համար առավել վտանգավոր հակառակորդներից մեկն է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա հայտարարել է օգոստոսի 12-ին Պենտագոնում կայացած բրիֆինգի ժամանակ:
«Կարծում եմ՝ Ռուսաստանն առավել վտանգավոր է մի շարք պատճառներով, նախ եւ առաջ այն պատճառով, որ նա ավելի պատրաստված է, քան մեր մյուս պոտենցիալ հակառակորդները»,- ասել է գեներալը: Մասնավորապես, Ռուսաստանը «լուրջ հնարավորություններ ունի իրոք բարդ գործողություններ իրականացնելու Ուկրաինայում»,- նշել է նա:
Այդ կապակցությամբ Օդիեռնոն անհրաժեշտ է համարում ընդլայնել ՆԱՏՕ-ի զորքերի ռազմական ներուժն Արեւելյան Եվրոպայում: «Մենք պետք է շարունակենք ՆԱՏՕ-ի վերակողմնորոշումը ռազմական հնարավորությունների առումով»,- ասել է ամերիկացի գեներալը:
Օդիեռնոն հրաժեշտի մամուլի ասուլիս է տվել: Օգոստոսի 15-ին նա թողնում է իր պաշտոնը: Գեներալը իրաքյան պատերազմի վետերան է, նա Միջազգային կոալիցիոն ուժերի հրամանատարն է եղել 2008 թվականի սեպտեմբերի 16-ից: Պաշտոնաթող է լինում կենսաթոշակային տարիքի կապակցությամբ:
Այս տարվա հուլիսին ամերիկացի մեկ այլ բարձրաստիճան գեներալ՝ ծովային հետեւակի կորպուսի հրամանատար Ջոզեֆ Դանֆորդը, Ռուսաստանը համարել է ԱՄՆ-ի անվտանգության գլխավոր սպառնալիքը: Նրա խոսքով՝ Ռուսաստանի միջուկային զինանոցը կարող է սպառնալ ԱՄՆ-ի դաշնակիցների ինքնիշխանությանը: