ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ Եղեգնաձոր-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի դեպքի առթիվ։

 

 

2015թ. օգոստոսի 13-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Եղեգնաձոր-Երևան ավտոճանապարհի 66-րդ կմ-ի հատվածում ԻԻՀ քաղաքացու վարած «Մակ» մակնիշի ավտոմեքենան բախվել է 4 տարբեր՝ «Նիսսան Տեանա», «Ֆորդ Տրանզիտ», «Դաֆ» և «Մերսեդես Բենց 4141» մակնիշի ավտոմեքենաներին: «Մակ» մակնիշի ավտոմեքենայի երկաթյա ցիստեռնը պոկվել է կցորդից, և դրանում առկա վառելանյութը թափվել է, որի հետևանքով հրդեհ բռնկվել է Վ.Արզումանյանի վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի, ինչպես նաև՝ ճանապարհի կողքին կայանված «Տոյոտա յարիս» և Երևան քաղաքի բնակիչ Է.Արզումանյանի վարած «Մերսեդես Բենց 350 » մակնիշի ավտոմեքենաներում։

 

 

«Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վահրամ Արզումանյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղևորը, «Մակ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, «Նիսսան Տեանա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, 4 ուղևորները, «Տոյոտա յարիս» մակնիշի ավտոմեքենայի 2 ուղևորներն ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:

 

 

Դեպքի առթիվ Արարատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շարագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ վթարի պատճառները պարզելու ուղղությամբ։

 

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: