Մասնագետները ձեռնամուխ են եղել Չինաստանի հյուսիսի Տյանցզին քաղաքում հուժկու պայթյունի վայրի մաքրմանը վտանգավոր թունավոր նյութեր պարունակող ջրից: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Տյանցզինի շրջակա միջավայրի պահպանության վարչության գլխավոր ինժեներ Բաո Ցզինլինը:
«Պայթյունի վայրի խառնարանում եւ կոյուղում ջուրն առանձնահատուկ կերպով կմշակվի եւ կհեռացվի, որպեսզի տեղ ազատվի անձրեւաջրի համար»,- ասել Է նա: Բաո Ցզինլինի խոսքով՝ խառնարանում կուտակվել են «տասնյակ հազարավոր տոննաներով» ջուր, որը պարունակում Է վտանգավոր քիմիկատներ, ներառյալ նատրիումի ցիանիդ: Օդերեւութաբաններն օգոստոսի 18-ին Տյանցզինում կանխատեսում են ամպրոպ, այս պատճառով երկյուղներ կան, որ տեղումները կարող են հանգեցնել թունավոր միացություններով աղտոտված ջրի տարածման:
«Մենք կկատարենք օդի որակի դիտազննում, քանի որ կասկածներ կան, թե անձրեւաջուրը ռեակցիայի մեջ կմտնի քիմիկատների հետ, ինչն, իր հերթին, կարող Է հանգեցնել թունավոր գազերի արտազատման»,- նշել Է մասնագետը:
ՉԺՀ-ի հասարակական անվտանգության նախարարության տվյալներով՝ պայթյունի վայրում պահվում Էին շուրջ 3 հազար տոննա վտանգավոր նյութեր, ներառյալ 700 տոննա նատրիումի ցիանիդ, 800 տոննա ամոնիումի նիտրատ եւ 500 տոննա կալիումի նիտրատ: Օգոստոսի 17-ին Տյանցզինի փոխքաղաքագլուխ Հե Շուշանը հայտարարել Է, որ այն տարածքի շուրջը, որտեղ գտնվում են նատրիումի ցիանիդի եւ այլ քիմիկատների պաշարները, ստեղծվում են լիրքահողով եւ ավազապարկերով փակոցներ:
Պեկինից հարավ - արեւելք ընկած շրջանում գտնվող Տյանցզին նավահանգստային քաղաքում պայթյունները եւ հրդեհը տեղի են ունեցել օգոստոսի 12-ին: Արտակարգ պատահարի պատճառը, ենթադրաբար դարձել Է նավահանգստի տարածքում բեռնարկղի մեջ պայթուցիկ նյութերի ճայթյունը:
Օգոստոսի 18-ի առավոտվա դրությամբ աղետի զոհ Է դարձել 114 մարդ, եւս 54-ն անհայտ կորել Է: 700-ից ավելի մարդ վիրավորվել Է, ավելի քան 6 հազարը հարկադրված են եղել լքելու իրենց տները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: