Չինական Տյանցզինում տեղի ունեցած պայթյունի վայրի մերձակա ջրերում ցիանիդի պարունակությունը 356 անգամ գերազանցում է թույլատրելի մակարդակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 20-ին հաղորդել են արեւմտյան ԶԼՄ-ները՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:

 

 

«Ցիանիդի նորմայի գերազանցում Է հայտնաբերվել ութ վայրերում. թույլատրելի մակարդակի գերազանցման ամենաբարձր ցուցանիշը հասնում Է 356-ի»,-ԶԼՄ-ները մեջբերումներ են անում Տյանցզինի շրջակա միջավայրի պահպանության քաղաքային վարչության հայտարարությունից:

 

 

Բացի այդ, հաղորդվում Է, որ քիմիական նյութեր են հայտնաբերվել են պայթյունի վայրից ոչ հեռու գտնվող ցանկապատված տարածքի 25 կետերում, որտեղից վերցվել Էին ջրի նմուշները:

 

 

Օգոստոսի 12-ին պայթյուն Է տեղի ունեցել Տյանցզինի նավահանգստի պահեստում: Ներկայում հայտնի Է 114 զոհվածների եւ 698 վիրավորների մասին, եւս 70 մարդ համարվում Է անհետ կորած, շուրջ 6,3 հազար տեղի բնակիչներ հարկադրված են եղել լքել իրենց տները: Ընդհանուր առմամբ վնասվել Է 17 հազար բնակելի տուն:

 

 

Վթարի պատճառը դեռեւս չի պարզվել:

 

 

Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը օգոստոսի 20-ին հաղորդել Է, որ Տյանցզինում սկսվել Է «Ժույհայ» լոգիստիկական ընկերության պահեստի տարածքի լիակատար մաքրումը: Պաշտպանական զգեստներ եւ հակագազեր հագած բանվորներն առավել տուժած գոտում հավաքում են ոչ միայն բեռնարկղների եւ սարքավորանքի բեկորներն, այլեւ գրունտի վերին շերտը: Վտանգավոր քիմիկատներով վարակված գրունտը բեռնատարներով դուրս Է տարվում եւ թաղվում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: