Հարավային Կորեան իրադրության հետագա սրման դեպքում կպատասխանի ԿԺԴՀ-ի բոլոր սադրանքներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Կորեայի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտարարության մեջ, որը օգոստոսի 21-ին մեջբերել է «Ռյոնհապ» գործակալությունը:

 

Ինչպես ասված է ԿԺԴՀ-ին ուղարկված հեռագրում, Սեուլը «անխնա հատուցմամբ կպատասխանի Հյուսիսային Կորեայի ցանկացած գրոհի, եւ Հյուսիսը ստիպված կլինի ստանձնել դրա պատասխանատվությունը»: Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Հան Մին Գուն հրամայել է զինված ուժերին՝ «վճռականորեն հակազդել» ԿԺԴՀ-ի ցանկացած գործողության:

 

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը հրամայել է լիակատար պատրաստության վիճակի բերել ժողովրդական բանակը՝ «վճռական մարտական գործողությունների» համար այն դեպքում, եթե Հարավային Կորեան չանջատի քարոզչական բարձրախոսները, որոնք տեղակայված են պետությունների միջեւ սահմանում:

 

Օգոստոսի 20-ին փոխհրետակոծություն է տեղի ունեցել ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի միջեւ: Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեն Ազգային անվտանգության խորհրդ իարտակարգ նիստ է հրավիրել: Ընդսմին երկրի զինված ուժերը բերվել են բարձր մարտական պատրաստության վիճակի: