Դամասկոսի մերձակայքում գտնվող պաղեստինցի փախստակնների Յարմուք ճամբարում վերջին մի քանի օրերի ընթացքում կրկնապատկվել է տիֆով հիվանդների թիվը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական լրատվամիջոցները, այս մասին տեղեկացրել է ՄԱԿ-ի պաղեստիցի փախստականների հարցերով զբաղվող մերձավորարևելյան գործակալությունը:

 

ՄԱԿ-ի ներկայացուցիչ Էրի Կանեկոյի խոսքով, բժիշկները նախօրեին տիֆի հինգ դեպքեր են արձանագրել, միևնույն ժամանակ այս շաբաթ ևս հինգ դեպք էր հայտնաբերվել: Ճամբարում իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ այնտեղ ակտիվացել են ծայրահեղական խմբավորումները: Բնակիչները հայտնվել են կառավարական ու զինված ծայրահեղական խմբավորումների հարձակումների թիրախում: Դամասկոսի հարավում գտնվող փախստականների Յարմուք ճամբարը գոյություն ունի 1950-ականներից: Մինչև սիրիական հակամարտությունը, այնտեղի բնակչությունը գերազանցում էր 160 հազարը, իսկ այժմ բնակիչների մեծամասնությունը հեռացել և տեղավորվել է հարևան ավելի ապահով վայրերում: