Շիրակի մարզի Սպանդարյան համայնքում օգոստոսի 23-ին անցկացվելու են համայնքապետի արտահերթ ընտրություններ' նախկին համայնքապետ Վաղինակ Բաղդասարյանի անժամանակ մահվան պատճառով: Սպասվում է, որ ընտրություններն համայնքում բավական թեժ են լինելու՝ 1160 ընտրող ունեցող նախկին Ղուլիջան համայնքում այս ընտրություններին առաջ ադրվել է 5 թեկնածու՝ Ալեքսան Խաչատյան, Միքայել Բաղդասարյան, Գյուլվարդ Սահակյան, Հարություն Հարությունյան, Ավետիք Մխիթարյան: Համայնքում այս ընտրություններն առանձնանում են ոչ միայն թեկնածուների մեծ թվով, այլ նաև այն բանով, որ առաջին անգամ գյուղում իր թեկնածությունն առաջադրել է կին թեկնածու: Բացի այդ, բոլոր թեկնածուներն անկուսակցական են, ինչը հազվադեպ է պատահում:

 

Գյուղը ոչ միայն պատմական, այլ նաև մշակութային հարուստ ժառանգություն ունի, սակայն, ինչպես շատ գյուղական համայնքներ, Սպանդարյանը ևս խնդիրներից զուրկ չէ. հիմնախնդիրը գյուղում ոռոգման ու խմելու ջրի բացակայության հետ է կապված: Նույնիսկ այդ խնդիրը չի ընկճում թեկնածուներին, ավելին՝ բոլորը վստահ են՝ «հաղթանակն» իրենց կողմն է լինելու:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի աշխատակազմի Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմնի հարցերով վարչության Տեղական ինքնակառավարման և համայնքնային ծառայության հարցերի բաժնի պետ Ռուբեն Հարությունյանը, համայնքում ամեն ինչ պատրաստ է ընտրություններին: «Ընտրական տեղամաս, հանձնաժողովներ' ամեն ինչ պատրաստ է: Բավական հետաքրքիր ընտրություններ են սպասվում՝ բոլոր 5 թեկնածուներն էլ վստահ են, որ հաղթանակն իրենցն է լինելու: Ի պատիվ սպանդարյանցիների, նույնիսկ այս թեժ պայքարում գյուղն հանգիստ է, միջադեպ չկա. հանգիստ է, բայց «եռում» է»,- նշեց Ռուբեն Հարությունյանը:

 

Շիրակի մարզի Սպանդարյան գյուղը հիմնադրվել է 1829 թվականին սեպտեմբերի 2-ին' Ադրիանապոլսի պայմանագրի 13-րդ հոդվածով' Կարսի փաշայությունից 2467 ընտանիքների վերաբնակեցման արդյունքում: Սպանդարյան գյուղի բնակիչների նախնիները եկել են Կարսի փաշայության Բերդիկ գյուղից: Իսկ 1918-1920 թվականներին գյուղը վերաբնակեցվել է Արևմտյան Հայաստանի այլ գավառներից եկածներով: Գյուղը Սպանդարյան է անվանակոչվել 1946 թվակականի մայիսի 31-ին: Մինչ այդ կոչվել է Ղուլիջան« որը հավանաբար բնակավայրի ուրարտական շրջանի Կուլիաինի անվան տարբերակն է: Գյուղը, որպես բնակավայր, հ այտնի է եղել դեռևս բրոնզի դարաշրջանում: Այդ մասին են վկայում գյուղի տարածքից հայտնաբերված բազմաթիվ բրոնզե զենքերը, զարդերը և խեցեղենը, որոնց մի մասը պահվում է դպրոցի պատմության թանգարանում: Իսկ կիկլոպյան ամրոցի մնացորդները և Ուրարտական սեպագիր արձանագրությունը վկայում են այն մասին, որ գյուղը բնակավայր է եղել նաև մինչ ուրարտական և ուրարտական շրջանում: Սեպագիր արձանագրությունը թողել է Արգիշտի Առաջինը իր' դեպի Շիրակ կատարած արշավանքի ժամանակների կառավարման երկրորդ տարում' այսինքն Ք.Ա 785 թվականին: