Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում սեպտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ են:

Թեկնածուների առաջադրման վերջնաժամկետն արդեն ավարտված է՝ ընտրապայքարին մասնակցելու հայտ են ներկայացրել երեք քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ազգ-համայնք» դաշինքը և «Հայկական երազանք» կուսակցությունը՝ ընդհանուրը 147 թեկնածուներ։

Շիրակի մարզպետարանի Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արամ Անտոնյանը «Արմենպրեսին» տեղեկացրեց, որ առաջադրումներն արդեն ավարտված են և այս պահին տեղի է ունենում փաստաթղթերի ուսումնասիրման գործընթացը:

«ՏԸՀ-ն ուսումնասիրում է փաստաթղթերը: Օգոստոսի 26-ին 18:00-ին արդեն հստակ կունենանք, թե առաջադրված կուսակցություններից ու դաշինքից ինչ գրանցում կլինի»,-նշեց Արամ Անտոնյանը՝ տեղեկացնելով, որ համայնքն իրականացնում է ժամանակացույցով նախատեսված որոշակի պարտականություններ՝ դահլիճների տրամադրման ժամանակացույց, տեխնիկական հարցեր և այլն, որոնք գտնվում են մարզպետարանի համապատասխան վարչության վերահսկողության տակ:

Այս պահին ՏԸՀ-ի կողմից կազմակերպչական խնդրի ահազանգ չի ստացվել:

Նշենք, որ ՏԸՀ ՔՊ-ից ստացել է ընտրություններին մասնակցության 63 թեկնածուների հայտ, ցուցակը գլխավորում է Արման Սարիբեկյանը։

«Ազգ-համայնք» դաշինքը, որը ձևավորել է Ռեֆորմիստների և Հայաստանի ժողովրդավարական ազատական միության կուսակցությունների միավորումը, ունի ավագանու 61 թեկնածու, ցուցակը գլխավորում է Անի խոշորացված համայնքի գործող ղեկավար Արտակ Գևորգյանը, ով երկար տարիներ եղել է Մարալիկի քաղաքապետը։

«Հայկական երազանք» կուսակցությունը թիվ 33 ՏԸՀ է ներկայացրել ավագանու 23 թեկնածուներից կազմված ցուցակ, որ գլխավորում է Ագուն Սաղաթելյանը։

19 բնակավայր ունեցող համայնքում ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի օգոստոսի 31-իմ և կավարտվի սեպտեմբերի 23-ին։