Թաիլանդի ոստիկանությունը ուսումնասիրում է Թուրքիայի 20 քաղաքացիների տվյալներ, որոնց կասկածում են օգոստոսի 17-ին Բանգկոկում տեղի ունեցած ահաբեկչության մեջ, որը 20 մարդու կյանք էր խլել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Նեյշն» թերթը' նշելով, որ կասկածվողները երկու շաբաթ առաջ Թաիլանդ ժամանած թուրքական ծայրահեղ աջ ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության անդամներ են:

 

Ավելի վաղ Բանգկոկում ահաբեկչությանը «Գորշ գայլերի» մասնակից լինելու մասին հայտարարել էր «Ջեյնի տեղեկատվական խմբի» վերլուծաբան Էնթոնի Դեւիսը: Բրիտանական այդ հրատարակչությունը մասնագիտանում է ռազմական, ինչպես նաեւ տրանսպորտային թեմաներով: Դեւսիսի պնդմամբ' հենց «Գորշ գայլեր»- ն են կանգնած եղել Թուրքիայում Թաիլանդի հյուպատոսության վրա վերջերս կատարված հարձակման հետեւում:

 

Հուլիսին Թաիլանդը երկրից Չինաստան էր արտաքսել 9 ույղուրների, որոնք թագավորության տարածքում բնակվել էին մոտ մեկ տարի: Դրանից մեկ ամիս առաջ Թաիլանդը Թուրքիա էր արտաքսել եւս 173 ույղուրների: Այդ միջադեպերից հետո թուրք իրավապաշտպանները թագավորության իշխանություններին մեղադրել են «ույղուր ընտանիքները բռնությամ բ բաժանելու մեջ»: Սակայն, Թաիլանդի վարչապետ Պրայուտ Չան-Օչան արտքասման գործընթացը «բացարձակ օրինական» է բնութագրել: Ույղուրների' Չինաստան արտքասվելու մասին տեղեկությունից հետո Ստամբուլում Թաիլանդի պատվավոր հյուպատոսությունը հարձակման էր ենթարկվել թուրք ազգայնականների կողմից, որոնք ույղուրներին համարում են իրենց արյունակիցները: