Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը մի քանի օր լարված է, սակայն այն չի կարող բերել լայնածավալ պատերազմական գործողությունների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ՊՆ վաչական համալիրում կայացած ասուլիսի ժամանակ ասաց, որ գործողություններ այս կամ այն կերպ ընթանում են, սակայն հստակ նախանշաններ չկան ասելու, որ կարող են մեկնարկել ռազմական լայնածավալ գործողություններ:
«Հակառակորդը երեկ կրկին ակտիվ կրակոցներ է արձակել հատկապես Տավուշի մարզում սահմանի ողջ երկայնքով: Կրակոցները շարունակվել են մինչև առավոտ, օգտագործվել են տարբեր տրամաչափի արկեր, ականանետեր և դիպուկահարներ: Դրանք մեծ քանակ են կազմում: Ցավոք, երկու քաղաքացիական անձ է վիրավորվել: Ցավոք, ունեցել ենք զոհ: Պայմանագրային զինծառայող Հայկ Դևոյանն է զոհվել»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հակառակորդը լռել է միայն հայկական զինված ուժերի պատասխանից հետո:
«Գյուղերի հատվածում կան վնասներ, սակայն չափի մասին ես չեմ կարող ասել: Պետք է ասեմ, որ իրավիճակը սահմանին վերահսկելի է: Նախորդ երկու օրվա լարվածության հետևանքով հակառակորդը նույնպես կորուստներ է ունեցել»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Ինչ վերաբերում է լրատվամիջոցներով շրջանառվող լուրերին, որ Տավուշի մարզում սահմանային իրավիճակից ելնելով բնակիչներին տարհանում են, Հովհաննիսյանն ասաց, որ ելնելով «Շանթ 2015» զորավարժությունների ծրագրից, Տավուշի մարզում մեծ ուսումնական բազա է ստեղծվել, մի քանի հարյուր մահճակալներ են բերվել, տարհանման տեղեր ստեղծվել, որպեսզի հավաքի ժամանակ պարզ դառնա, թե սցենարով պատերազմի ժամանակ ինչպես են բնակիչներին անվտանգ տարհանելու: