Գերմանիայի ձախակողմյան Կանաչների կուսակցության համանագահ, ազգությամբ թուրք Ջեմ Օզդեմիրը քննադատել է Թուրքիայում մամուլի նկատմամբ իրականացվող բռնություններն ու ճնշումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Թարաֆ» պարբերականը:

 

Օզդեմիրն անդրադարձել է սեպտեմբերի 2-ին անվտանգության մարմինների կողմից Քոզա-Իփեք մեդիա ընկերությում իրականացված գործողությանը' ասելով. «Իրականացված այս գործողությունը միայն առաջին քայլն է: Հետագա թիրախները հայտնի են: Կարծում եմ, որ նման միջոցներ են ձեռնարկվում, քանի որ կա վախ ժողովրդավարական ընտրություններից: Թուրքիայի կառավարությանը կոչ եմ անում' ընտրությունները պետք է լինեն ազատ և ժողովրդավարական: Բոլորը և մասնավորապես լրագրողները պետք է կարողանան ազատորեն հայտնել իրենց տեսակետները»:

 

Գերմանական կուսակցության առաջանորդը նշել է, որ թե՛ Թուրքիայի, թե՛ արտերկրի լրագրողները պետք է ահազանգեն կատարվող իրադարձությունների առնչությամբ, այլապես ժամանակի ընթացքում թուրքական պետությունում չի մնա մի լրագրող, ով կկարողանա քննադատել կառավարությանը:

 

Օզդեմիրը փաստել է, որ մեծ ցավով է հետևում տեղի ունեցող իրադարձություններին: Նա համոզմունք է հայտնել, որ այս ամենը Թուրքիային հետ կշպրտի, իսկ գործած սխալներն ուղղել հեշտ չի լինի: «Այն Թուրքիան, որի բանտերում կան լրագրողներ և որտեղ լրագրողների դեմ գործողություններ են իրականացվում, Եվրոպական միություն չի կարող մտնել»,- ասել է նա: