Գաղթականների չդադարող հոսքի պատճառով Խորվաթիայի ոստիկանությունը փակել է Սերբիայի հետ սահմանային ութ անցումներից յոթը: Անցումներին տանող ճանապարհները նույնպես փակ են: Այդ միջոցը գործում է մինչեւ հատուկ ծանուցում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Ավելի վաղ Խորվաթիայի իշխանությունները հայտարարել էին, որ չեն կարող ընդունել ավելի շատ գաղթականների, որոնք հույս ունեն երկրի տարածքով հասնել Արեւմտյան Եվրոպա: Այդ կապակցությամբ Սերբիայի հետ սահման կուղարկվեն բանակի լրացուցիչ ստորաբաժանումներ անհրաժեշտության դեպքում այն փակելու համար:

 

Սեպտեմբերի 23-ին նշանակված է Եվրամիության արտահերթ գագաթնաժողովը, որի գլխավոր թեման կդառնա գաղթականների հետ կապված իրադրությունը:

 

Վերջին մեկ օրվա ընթացքում Խորվաթիայի տարածք է մտել շուրջ 7,3 հազար մարդ: Խորվաթիայի իշխանությունները հայտարարել են, որ գաղթականները պարտավոր են ապաստան տրամադրելու փաստաթղթեր ներկայացնել, այլապես նրանք կդիտվեն որպես սահմանախախտներ:

 

Ավելի վաղ Խորվթիան հայտարարել էր, որ գաղթականներին կթույլատրվի շարունակել իրենց ճանապարհը դեպի ԵՄ-ի այլ երկրներ:

 

Սերբիայում գտնվող գաղթականների խմբերը ճեղքել են ոստիկանական արգելափակոցները եւ մտել Խորվաթիայի տարածք Տովառնիկ քաղաքի շրջանում: Ինչպես հաղորդել է BBC-ի թղթակիցը, ոստիկանությունը չի կարողացել զսպել մի քանի հարյուր գաղթականների ճնշումը, որոնք երկար ժամանակ սպասում էին անցնելու թույլտվության:

 

Հունգարական ԶԼՄ-ները հայտնել են, որ Խորվաթիայի կողմից արդեն տասնյակ գաղթականներ են հատել Հունգարիայի հետ սահմանը՝ դրանով իսկ շրջանցելով հունգարա-սերբական սահմանի փակ տեղամասը:

 

Սեպտեմբերի 17-ին Սլովենիայի ոստիկանությունը Խորվաթիայի հետ սահմանի Դոբովա կայարանում կանգնեցրել է 200 գաղթականների փոխադրող գնացքը: Փախստականներին մտադիր են հետ ուղարկել Խորվաթիայի տարածք:

 

Reuters գործակալությունը, հղում անելով Սլովենիայի ոստիկանության հայտարարությանը, հաղորդել է, որ երկիրը Խորվաթիայի հետ միացնող գլխավոր երկաթուղում կանգնեցվել է մարդատար գնացքների երթեւեկությունը: