Թուրքիայի ժամանակավոր կառավարությունում երկու նախարար, որոնք ներկայացնում են քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ), հրաժարական են տվել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը:
Ազգությամբ քուրդ նախարարները, որոնք Թուրքիայի Հանրապետության պատմության ընթացքում կառավարությունում առաջին անգամ ներկայացնում էին խորհրդարանում պատգամավորական աթոռներ զբաղեցրած քրդական քաղաքական կուսակցություն, չկարողացան դիմակայել իրենց դեմ իշխանությունների սադրանքներին: Թուրքիայի իշխանությունները չհանդուրժեցին քուրդ նախարարների ներկայությունը կառավարությունում, որոնք պաշտոնավարության առաջին իսկ օրվանից հայտարարել էին ժողովրդավարական սկզբունքներին իրենց նվիրվածության մասին:
Եվրամիության հարցերով նախարար Ալի Հայդար Քոնջան և Զարգացման նախարար Մուսլում Դողանը այդ պաշտոններին առաջարկվել էին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից' օգոստոսին ձևավորված ժամանակավոր կառավարությունում:
Երեքշաբթի թուրքական ժամանակավոր կառավարության երկու քուրդ նախարարները դիմում են ներկայացրել երկրի վարչապետ Ահմեթ Դավութօղլուին, որն էլ ընդունել է նրանց հրաժարականը:
Թուրքիայի կառավարության պաշտոնական կայքն այսօր հայտնել է, որ Դավութօղլուն ժամանակավոր կառավարությունում ԵՄ գործերով նախարար է նշանակել Բերիլ Դեդեօղլուին և Զարգացման նախարար' Ջունեյթ Դյուզյոլին: Բերիլ Դեդեօղլուին Ստամբուլի Գալաթասարայի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսոր է: Նա համարվում է ԵՄ գծով մասնագետ, աշխատել է Թուրքիայի բարձրագույն կրթության խորհրդում և փորձագետի մակարդակով ակտիվորեն աջակցել է քրդական խնդրի կարգավորման գործընթացին:
Ջունեյթ Դյուզյոլը մինչ այդ նշանակումը զբաղեցրել է զարգացման գծով նախարարությունում խորհրդականի պաշտոնը: