Թուրքիայի իշխանությունները գնում են նրան, որ ներքաղաքական դաշտում վերացնում են կամ սահմանափակում քիչ թե շատ ազդեցիկ քրդական առաջնորդների գոյությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում «Թուրքիայի արտաքին և անվտանգային քաղաքականության միտումները. արդի մարտահրավերներ» կլոր սեղան-քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց թուրքագետ Տաթևիկ Մանուկյանը՝ ներկայացնելով «Քրդական գործոնը Թուրքիայի արդի տարածաշրջանային անվտանգային քաղաքականության մեջ» թեմայով զեկույցը: Նրա խոսքով՝ բավականին արդիական է այդ հարցը՝ հաշվի առնելով երկու օր առաջ Թուրքիայի նախագահ Էրդողանի արած հայտարարությունները
«2016 թվականին, երբ ձերբակալվեց Թուրքիայի քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը, իրեն ներկայացվել էր 31 մեղադրանք: Մինչև օրս նա գտնվում է կալանքի տակ: Նա նույնիսկ այդ կալանքի պայմաններում մասնակցել է նախագահական ընտրություններին՝ հավաքել 8.7 տոկոս, կա մոտ 4 միլիոն 200 հազար ձայն Էրդողանի հետ մրցակցության ժամանակ, սակայն , միևնույն է, կորցրել է այն հնարավորությունը, որ, երևի թե, կարող էր իրեն ընձեռնված լինել՝ տարիներ հետո Էրդողանի հետ լուրջ մրցակցություն ապահովելու համար: Դեմիրթաշը բավականին խարիզմատիկ անձնավորություն է և նաև ունի եվրոպական լայն շրջակաների աջակցությունը։ Հաշվի առնելով այս իրողությունը՝ Էրդողանը շատ արագ սահմանափակել է Դեմիրթաշի գործունեության շրջանակը»,- ասաց Մանուկյանը և հավելեց, որ երկու օր առաջ Դեմիրթաշը հայտարարել էր, թե հրաժարվում է Թուրքիայի քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ լինելուց և, ընդհանրապես, հրաժարվում է 2019 թվականին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելուց:
Թուրքագետի կարծիքով՝ Թուրքիայի իշխանությունները լուծեցին ևս մի քանի ազդեցիկ պատգամավորների հարցը խորհրդարանում:
«Դրանցից մեկը Օսման Բայդեմիրն էր, ով բավականին հայամետ կերպար ուներ քրդական համայնքում: Բայդեմիրը ևս 2017 թվականի դեկտեմբերի խորհրդարանում իր ելույթի համար զգուշացում ստացավ, իսկ 2018 թվականի մայիսին զրկվեց պատգամավորական մանդատից և դատապարտվեց 1.5 տարվա ազատազրկման: Երկու օր առաջ ազատազրկումը երկարեց ևս 18 ամսով: Այսինքն՝ թուրքական իշխանությունները գնում են նրան, որ քրդական հանրույթում, ներքաղաքական դաշտում վերացնում են և սահմանափակում քիչ թե շատ ազդեցիկ լիդերների գոյությունը»,- եզրափակեց նա: