Յուրաքանչյուր Հայրապետի համար երջանկություն է Մյուռոնօրհնություն կատերելը: Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն այս տարի կատարեց իր երրորդ Մյուռոնօրհնությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Տեր Զաքարիա վարդապետ Բաղումյանը: «Առաջին Մյուռոնօրհնությունը Վեհափառը կատարեց 2001 թվականին, երբ մենք ազգովի տոնախմբում էինք Քրիստոնության ընդունման 1700-ամյակը: Եվ բնականաբար, Գարեգին Երկրորդն այն երջանիկներից է, որ հասել է երրորդին, ու հույս ունենք, որ դեռ երկար տարիներ կկարողանա Մյուռոնօրհնել, որպեսզի մեր երկիրը ավելի խաղաղ, մեր ժողովուրդն էլ ավելի ամուր լինի»,- ասաց Տեր Զաքարիա վարդապետ Բաղումյանը:
Նրա խոսքով' Մյուռոնօրհնությունը Հայ եկեղեցու ամենակարևոր իրադարձությունենրից մեկն է, երբ Ամենայն Հայոց կաթողիկոսը Հայ եկեղեցու երեք նվիրական սրբություններով' Խաչափայտի մասունքով' Կենաց խաչով, Գեղարդով և Գրիգոր Լուսավորչի աջով օրհնում է Սրբալույս Մյուռոնը: «Ամեն անգամ արարողության ժամանակ հին Մյուռոնը խառնվում է նորին և գրանցվում Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջով: Ըստ ժողովորդական ըմբռնման' հենց այդ պահին Մյուռոնի կաթսան սկսում է եռալ և խորհուրդն այն է, որ ամեն անգամ մենք նոր Մյուռոնի մեջ ենք լցնում Գրիգոր Լուսավորչ ի օրհնած Մյուռոնը: Այն Մյուռոնը, որ Քրիստոս տվել էր Թադեոս առաքյալին, դարեր հետո տեսիլքի միջոցով գտնվեց ու Գրիգոր Լուսավորիչն այն խառնեց իր Մյուռոնին»,-ասաց հոգևորականը' ավելացնելով, որ հնի խառնումը նորին խորհրդանշում է այսօրվա կապը մեր նախնիների առաքելական ժամանակների հետ: