Հագեցած օրակարգ է սպասում «նորմանդական քառյակի» (Ռուսաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Ուկրաինա) ղեկավարներին, որոնք հոկտեմբերի 2-ին հանդիպում են անցկացնելու Ֆրանսիայի մայրաքաղաքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Ինչպես հայտնել են Ելիսեյան պալատում, օրվա աշխատանքային ծրագիրը կբացի Ռուսաստանի և Ֆրանսիայի ղեկավարների երկկողմ հանդիպումը: Ուկրաինական ճգնաժամի քննարկումն սկսելուց առաջ Ֆրանսուա Օլանդը, ինչպես հայտնել են Ֆրանսիայի նախագահի շրջապատում, Վլադիմիր Պուտինի հետ կքննարկի ռուս-ֆրանսիական հարաբերությունները, բայց, նախ և առաջ, Սիրիայի սրընթաց զարգացող իրադրությունը:

 

Պուտինի հետ զրույցից հետո Օլանդը հաջորդաբար հանդիպում կունենա ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելի և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ: Այնուհետև «նորմանդական քառյակը» համատեղ նիստ կգումարի՝ քննարկելու Դոնբասի իրադրության կարգավորման շուրջ շփման խմբի կողմից ձեռք բերված արդյունքները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: