Բեռլինում «նորմանդական քառյակի» (Ռուսաստան, Գերմանիա, Ֆրանսիա, Ուկրաինա) արտաքին գործերի փոխնախարարների հանդիպումը շարունակվել է ավելի քան յոթ ժամ: Ինչպես փետրվարի 10-ին ՏԱՍՍ-ին հայտնել է բանակցությունների մի աղբյուր, ուկրաինական ճգնաժամից դուրս գալու ուղիների համաձայնեցման աշխատանքը շարունակվում է:

 

Ավելի վաղ դիվանագիտական մեկ այլ աղբյուր հայտնել է, որ հանդիպումն ընթանում է կառուցողական ոգով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Հանդիպումը տեղի է ունեցել Գերմանիայի ԱԳ նախարարությունում դռնփակ ռեժիմով: Ռուսաստանը ներկայացնում է ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը:

 

Գերմանիայի մայրաքաղաքում ընթացող կոնսուլտացիաները նախորդում են «նորմանդական քառյակի» փետրվարի 11-ին Մինսկում նախատեսված գագաթնաժողովին:

 

Կողմերը, ինչպես նշում են աղբյուրները, պետք է իրենց ջանքերը կենտրոնացնեն ուկրաինական ճգնաժամի կարգավորման համատեղ փաստաթղթի մշակման վրա: