Թուրքիան Ռուսաստանի օդային ուժերի ինքնաթիռներին թույլ չի տա ևս մեկ անգամ խախտել իր օդային տարածքը:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, Բելգիա կատարած այցին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

 

Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիայի սահմանների ցանկացած խախտում նշանակում է ՆԱՏՕ-ի սահմանների խախտում:

 

«Գտնում եմ, որ Ռուսաստանը չի ցանկանա փչացնել հարաբերությունները Թուրքիայի հետ»,- ասել է Էրդողանը:

 

Էրդողանը Բելգիա է մեկնել այդ երկրի թուրքական համայնքի հետ հանդիպելու համար' կապված Թուրքիայում նոյեմբերի 1-ին անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ:

 

Բելգիական մամուլն այդ առնչությամբ հայտնել էր, որ Բրյուսելի քաղաքապետարանը հրաժարվել է իր նիստերի դահլիճը տրամադրել թուրքական համայնքի հետ Էրդողանի հանդիպման համար' պատճառաբանելով, որ այն չի նախատեսված նման հանդիպումների համար: Այդ պատճառով թուրքական համայնքի հետ Էրդողանի հանդիպումը տեղափոխվել է Ստրասբուրգ: