Մոսկվան կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին՝ հրաժարվել ուժի կիրառումից և քաղաքական կամք դրսևորել փոխզիջման հասնելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ցավոք, քաղաքական երկխոսության վերսկսումը բարդանում է հակամարտության գոտու իրադրության սրմամբ, զոհերի թվի ավելացմամբ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Մենք ելնում ենք այն բանից, որ հետագա լարումը պարզապես անթույլատրելի է: Կոչ ենք անում կողմերին հրաժարվել ուժի կիրառումից, ցուցաբերել քաղաքական կամք, որն անհրաժեշտ է փոխզիջման հասնելու համար»,- ասել է նա:
Զախարովայի խոսքով՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեման հանգամանորեն քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ այս տարվա ապրիլ-մայիսին Մոսկվա կատարած այցերի ընթացքում:
«Այն նաև Սերգեյ Լավրովի ընթացիկ շփումների առարկան է արտասահմանցի իր գործընկերների հետ: Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ սերտ փոխգործակցությամբ: Վերջերս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի շրջանակում ՌԴ-ի արտաքին գործերի նախարարը հանդիպում անցկացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որի ընթացքում քննարկվեցին հակամարտության կարգավորման գործնական հարցերը՝ այս ամսին համանախագահների՝ տարածաշրջան կատարելիք այցի նախաշեմին»,-հավելել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը: