ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն անհանգստություն է հայտնել Ուկրաինայի արեւելքում հակամարտության էսկալացման կապակցությամբ, ինչը քաղաքացիական անձանց զոհվելուն է հանգեցրել Դոնբասում սահմանազատման գծի երկու կողմում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Պան Գի Մունը կոչ է արել բոլոր կողմերին՝ շտապ քայլեր ձեռնարկել ներկայիս իրադրության ապաէսկալացման եւ բռնությունների կանխման համար:
Օգոստոսի 17-ին առնվազն 10 մարդ է զոհվել ուկրաինացի զինվորականների եւ Դոնբասում ինքնահռչակ հանրապետությունների զինված կողմնակիցների միջեւ տեղի ունեցած բախումների ընթացքում: Ուկրաինացի զինվորականները եւ ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի աշխարհազորայինները վերստին միմյանց մեղադրել են հրադադարի ռեժիմի խախտման մեջ:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Քիրբին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայում հակամարտության էսկալացման մեջ: «Նոր տարածքների տիրելու Ռուսաստանի եւ անջատողականների փորձերին համապատասխան հակազդեցություն կտրվի»,- նշել է Քիրբին: