Եմենի բոլոր կողմերը պետք է անհապաղ կատարեն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ընդունած բանաձևը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը:

 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուջարրիքը հուսով է, որ բանաձևը կհանգեցնի հակամարտության դեէսկալացիայի, կդադարեցվեն բռնությունները և բանակցություններ կսկսվեն:

 

ՄԱԿ-ի փաստաթուղթը դատապարտել է շիա ապստամբների միակողմանի գործողությունները և պահանջել դադարեցնել բռնությունները՝ հանելով իրենց ուժերը Սանայից և այլ շրջաններից:

 

ՄԱԿ-ում Եմենի վերաբերյալ ընդունվել է բանաձև, համաձայն որի՝ պատժամիջոցներ կկիրառվեն շիա ապստամբների առաջնորդ Աբդ ալ Մալիք ալ Հոուսիի, ինչպես նաև Եմենի նախկին նախագահի որդու՝ Ահմադ Աբդ Ալլահ Սալեհի նկատամամբ: ՄԱԿ-ը նաև արգելել է զենք կամ ռազմական տեխնիկա տրամադրել նրանց կողմնակիցներին:

 

ՄԱԿ-ի 14 անդամ-երկրներ կողմ են քվեարկել, իսկ Ռուսաստանը՝ ոչ: ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը դժգոհություն է հայտնել ընդունված բանաձևի վերաբերյալ՝ նշելով, որ փաստաթուղթը չի ձևակերպվել պատշաճ կերպով:

 

Բանաձևի վերաբերյալ իրենց դժգոհությունն են հայտնել նաև շիաները՝ կոչ անելով հանրահավաք կազմակերպել այդ առիթով:

 

Եմենում 2014 թ. օգոստոսից շարունակվում է քաղաքական ճգնաժամը: Հունվարի վերջին շիաները երկրի նախագահին և վարչապետին ստիպել էին հրաժարական տալ: Նրանք իրենց ձեռքն էին վերցրել պետական հաստատությունները: Նախագահը հայտնվել էր տնային կալանքի տակ, սակայն որոշ ժամանակ անց տեղափոխվել էր Ադեն քաղաք: Այժմ Աբդ Ռաբբո ալ Հադին միջազգային մակարդակում ընդունվում է որպես երկրի գործող նախագահ: Եմենի նախագահին օգնելու նպատակով Սաուդյան Արաբիան մարտի 26-ի ռազմական մասշտաբային գործողություններ է սկսել շիա ապստամբների դեմ: Սաուդյան Արաբիային աջակցում են Բահրեյնը, Կատարը, Քուվեյթը և ԱՄԷ-ն: Արաբական դաշինքի ուժերի ղեկավար Ահմադ Ասիրին հայտարարել է, որ ռազմական գործողությունները կշարունակվեն մինչև Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադիի իշխանության վերականգնումը: