ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը կարծում է, որ ավելի լավ կլինի, եթե հայկական ու ադրբեջանական կողմերը համատեղ օգտագործեն ջրային ռեսուրսները: Այս մասին Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում: Տեղադրելով Սարսանգի ջրամբարի լուսանկարը' Ուորլիքը գրել է. «Սա Սարս անգի ջրամբարն է: Եթե կողմերը կարողանային համատեղ օգտագործել ջրային ռեսուրսները, դա դրական քայլ կլիներ»:

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն Ադրբեջանին բազմիցս առաջարկել է համագործակցել ջրային ռեսուրսների օգտագործման շուրջ, սակայն Բաքուն մշտապես մերժել է դրանք: Նախորդ տարի արցախյան կողմը նույնիսկ Թարթառ գետի և Սարսանգի ջրամբարի ջուրը համատեղ օգտագործելու շուրջ համագործակցության կոչով դիմել էր Ադրբեջանին: Դրան ի հակառակ ադրբեջանական կողմը ձգտում է այդ հարցն անհարկի շահարկման առարկա դարձնել միջազգային հարթակներում' դրան քաղաքական երանգ տալով:

 

ԽՍՀՄ ժամանակաշրջանում Սարսանգի ջրամբարը ոռոգման ջուր է ապահովել ադրբեջանական մեծ թվով բնակավայրերի համար, սակայն Արցախում ռազմական գործողություններից հետո, երբ Ադրբեջանը փակեց կամ փոխեց դեպի Արցախ հոսող գետերի հունը, սահմանափակեց նաև Սարսանգի ջրամբարից դեպի Ադրբեջան հոսող Թարթառ գետի ու նրանից սնվող ջրերի հոսքը: