Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը «Վկոնտակտե» սոցիալական ցանցի իր էջում մեկնաբանել է Ռուսաստանի նախագահի օրինագիծը: Ըստ նրա, Պուտինը խիստ կարևոր և պատմական քայլ է արել հասարակության համախմբման ճանապարհին. փոխանցում է lifenews-ը:
«Ես համոզված եմ, որ նման որոշում կարող է կայացնել միայն համազգային առաջնորդը, ով նույն մտահոգությունն է ցուցաբերում բոլոր կրոնների հավատացյալների նկատմամբ և վայելում է ամբողջ բազմազգ ռուս ժողովրդի աջակցությունը: Վլադիմիր Վլադիմիրովիչը համոզչությամբ ցույց է տվել, որ Ռուսաստանում ժողովուրդների և կրոնների միջև բախում առաջացնելու Արևմուտքի և «հինգերորդ շարասյան» փորձերը դատապարտված են ձախողման: Մեզ համար պատիվ է լինել Ռուսաստանի քաղաքացի, հավատալ Ռուսաստանին, հավատալ մեր ազգային առաջնորդին, և աջակցել նրան ամեն հարցում»,- գրել է Կադիրովը:
Հոկտեմբերի 14-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի քննարկմանն է ներկայացրել օրինագիծ, որով արգելվում է Աստվածաշնչի, Ղուրանի, Թանախի և Գանջուրի տեքստերը ծայրահեղական ճանաչել: