ԱՊՀ-ի երկրների ղեկավարները Ղազախստանում կայացած գագաթնաժողովի արդյունքում ստորագրել են միջազգային ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ հայտարարություն, ինչպես նաեւ մինչեւ 2020 թվականը Համագործակցության մասնակից պետությունների ռազմական համագործակցության հայեցակարգը: Այս երկու փաստաթղթերը, ի թիվս 14 ուրիշների, ստորագրվել են ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհրդի ընդլայնված կազմով նիստի ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Նաեւ ընդունվել Է հայտարարություն ՄԱԿ-ի ստեղծման 70-ամյակի առթիվ եւ ուղերձ՝ Չեռնոբիլի ատոմակայանի վթարի 30-րդ տարելիցի կապակցությամբ: Բացի այդ, որոշում Է ընդունվել արտաքին սահմանների ճգնաժամային իրավիճակների կարգավորման համար սահմանապահ եւ այլ գերատեսչությունների խմբավորման ձեւավորման մասին, ինչպես նաեւ 2016-2020 թվականներին արտաքին սահմանների անվտանգության ամրապնդմանն ուղղված համագործակցության ծրագիր: Միանգամից մի քանի փաստաթղթեր նվիրված են կոոպերացմանը իրավապահ գործունեության ոլորտում, դրանք կանոնակարգում են համատեղ հետաքննչական-օպերատիվ խմբերի եւ պատժական ծառայությունների ղեկավարների խորհրդի ստեղծումը: Ստորագրված փաստաթղթերի թվում Է նաեւ արտակարգ իրավիճակների կանխման եւ դրանց հետեւանքների վերացման բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրը:
Պետությունների ղեկավարները հաստատել են ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարի եւ ԱՊՀ-ի պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր հակաօդային պաշտպանության հարցերի համակարգող կոմիտեի նախագահի թեկնածությունները:
Նաեւ պաշտոնապես ձեւակերպվել Է 2016 թվականին Համագործակցությունում նախագահության փոխանցումը Ղազախստանից Ղրղզստանին: Որոշվել Է, որ ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա 2016 թվականի սեպտեմբերի 16-ին Ղրղզստանում: