ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հորդորել է իսրայելացիներին ու պաղեստինցիներին՝ անհապաղ դադարեցնել բռնության ալիքը Երուսաղեմում և նրա արվարձաններում, որպեսզի չհայտնվեն «վտանգավոր անդունդում», տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Տարածաշրջան չպլանավորված ուղևորության շրջանակներում դիվանագետը հատկապես ընդգծել է, որ կցանկանար աջակցել խաղաղության հաստատման բոլոր ջանքերին, ում կողմից էլ որ դրանք գործադրվեն:
Միայն հոկտեմբերի 20-ին իսրայելցի զինվորները գնդակահարել են երկու պաղեստինցիների, որոնք դանակներով զինվորականների վրա են հարձակվել Հորդանան գետի արևմտյան ափի Քեբրոն քաղաքում: Բացի այդ, Երուսաղեմի մերձակա խաչմերուկում իսրայելական ոստիկանությունը գնդակահարել է պաղեստինցի մի վարորդի, որն իր ավտոմեքենան ուղղել էր իսրայելցի հետիոտների խմբի վրա:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն համաձայնել է հանդիպել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ և քննարկել ստեղծված իրադրությունը:
Վերջին երեք շաբաթվա ընթացքում Իրսայելում դիտվող բռնության ալիքի զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է հիսունը: