Թեպետ Սիրիայում ՌԴ-ի Զինված ուժերի ծավալած ռազմական գործողություններն անհանգստացրել են մի շարք ներդրողների, սակայն ՌԴ-ի մասնակցությունը հակամարտության կարգավորմանը բացասական ազդեցություն չի ունենա այդ երկրի տնտեսության վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Forbes-ի վերլուծաբան Քեննեթ Ռապոզը համոզված է, որ ներկա դրությամբ ծավալվող իրադարձությունները դրական ազդեցություն կունենան ռուսական տնտեսության և ԵՄ-ի հետ հարաբերությունների կարգավորման վրա:
Նրա գնահատմամբ՝ եվրոպացիներն ավելի ու ավելի են հոգնում պատժամիջոցների կիրառումից և բիզնես ոլորտի բազմաթիվ լուրջ խաղացողներ անհամբերությամբ են սպասում, թե երբ են այդ պատժամիջոցները վերանալու, որպեսզի կարողանան լուրջ ներդրումներ կատարել Ռուսաստանում: «Այսօր Ռուսաստանը հանդիսանում է շուկա, որը կախում ունի իր մասնակիցների տրամադրվածությունից և ներդրողների վերաբերմունքից: Դա առաջին հերթին պայմանավորված է ուկրաինական ճգնաժամով, հետո նավթի շուկայում փոփոխություններով և միայն վերջում Սիրիայով»,- ասում է փորձագետը' հավելելով, որ միջազգային կազմակերպությունները չեն հրաժարվի ՌԴ-ում ներդրումներ կատարելուց Սիրիայի պատճառով:
Փորձագետը վստահ է, որ նման իրավիճակի պատճառով դրական հետևանքներն ավելի շուտ կլինեն, և չի բացառվում, որ ԵՄ-ն վերացնի պատժամիջոցները: «Քանի որ բացասական ռիսկերը վերահսկելի են և շատ ցածր, սիրիական ճգնաժամում ՌԴ-ի ներգրավվածությունը կարող է դրական ազդեցություն ունենալ Մոսկվայի և Արևմուտքի միջեւ հարաբերությունների բարելավման վրա»,- գրել է փորձագետը' հավելելով, որ ներկա դրությամբ Եվրամիությունը շնչահեղձ է լինում ներգաղթյալների հետ կապված ճգնաժամի պատճառով:
«Մենք հույս ունենք, որ Պուտինն իրեն «մեծավարի» կպահի «Արևմուտքի երեխաների» հետ, ովքեր կրակի հետ են խաղում և չեն ընդունում ոչ մի որոշում»,- ասել է Prosperity Capital Management հիմնադրամի նախագահ Մարտին Շարմուան' հավելելով, որ կա լուրջ հնարավորություն, որ մինչև հունվար ԵՄ-ն կհրաժարվի ՌԴ-ի դեմ սահմանած պատժամիջոցների կիրառումից: