Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցությունն առաջարկում է նույնականացման քարտերով քվեարկելու ընթացքում կիրառել մատերը թանաքոտելու մեթոդը՝ կրկնակի քվեարկություններից խուսափելու համար: Այս մասին Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

 

«Մատերը թանաքոտելն աշխարհում ընդունված մեթոդ է կրկնակի քվեարկություններից խուսափելու համար: Եթե մենք նույնականացման քարտերի վրա դրոշմակնիք չենք դնում, ապա պետք է գոնե այս եղանակը կիրառենք, որովհետև հակառակ դեպքում լինելու են կրկնակի քվեարկություններ»,- ընդգծեց Մանուկյանը:

 

Անդրադառնալով տեսակետներին, թե մատերը թանաքոտելուց հետո կարելի է այն բենզինով մաքրել և նորից գնալ քվեարկության՝ Արամ Մանուկյանն ընդգծեց, որ թանաքը հնարավոր է մաքրել, սակայն բավական է մատի վրա փոքր լապտերով լույս թողնել, կերևա՝ այդ անձը մասնակցել է քվեարկությանը, թե ոչ: