«Հարգելի հաճախորդներ,

 

«Հայբիզնեսբանկը» շարունակում է պատրաստակամորեն խրախուսել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին:

 

«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը, Վարչության նախագահի տեղակալ - Ֆինանսական դեպարտամենտի տնօրեն Մանվել Սահակյանը և Աշխատակազմի ղեկավար Մարի Ստեփանյանը հյուրընկալվել էին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտոր Կորյուն Աթոյանի մոտ' տարբեր մասնագիտությունների ուսանողներին հանդիսավոր կերպով կրթաթոշակի հավաստագրեր հանձնելու և համատեղ հետագա ծրագրերը քննարկելու նպատակով:

 

Կրթաթոշակի հավաստագրերը և ուսանողական վճարային քարտերն անձամբ ուսանողներին հանձնեց Արսեն Միքայելյանը՝ նշելով, որ «Հայբիզնեսբանկը», որպես գործատու, մեծապես կարևորում է բարձր մասնագիտական հմտություններով կադրերի պատրաստումը և նրանց ներգրավումը աշխատանքային գործընթացում:

 

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը շնորհակալություն հայտնեց «Հայբիզնեսբանկի» ղեկավարությանը զարգացող համագործակցության և աջակցության համար, ինչպես նաև հավելեց, որ համալսարանը առաջնորդվում է այնպիսի արդիական ուսումնական ծրագրերով, որոնք երաշխավորում են լիարժեք մասնագիտական կրթություն՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան:

 

Նշենք նաև, որ քննարկվեց «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ կողմից ՀՊՏՀ «Բանկային գործ» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողների համար անցկացվող վարպետության դասերի ծրագիրը, որը շուտով կմոտենա իր ավարտին, իսկ ուսանողներին կտրվեն համապատասխան հավաստագրեր»: