Բելգիայի ճգնաժամային կենտրոնը հայտարարել է, որ նոյեմբերի 23-ին ահաբեկչական սպառնալիքը Բրյուսելի շրջանում մնալու է ամենաբարձր՝ 4-րդ աստիճանի: Դպրոցները և համալսարանները փակ կլինեն: Մետրոն չի գործի, իսկ երկաթուղին կգործի որոշ ուշացումներով: Հայտարարվել է, որ ԵՄ հաստատությունները կգործեն: Այս մասին տեղեկացնում է Բելգիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը:
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հայտնում է, որ Բրյուսելում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները՝ Բելգիայում դեսպանությունը, ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում առաքելությունները բնականոն աշխատում են:
Ներկայումս Բրյուսելում շարունակվում են այն գործողությունները, որոնք առնչություն ունեն քաղաքի վրա իսլամիստ-զինյալների հարձակման սպառնալիքի հետ: Ոստիկանությունը զանգվածային լրատվամիջոցներին խնդրել է չհաղորդել այդ գործողությունների մանրամասնությունները, իսկ տեղի բնակիչներին՝ սոցցանցերում չգրել, օրինակ, ոստիկանության ակտիվության վայրերի մասին:
Ավելի վաղ Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը հայտնել է, որ Բրյուսելում առնվազն ևս մեկ օր կպահպանվի ահաբեկչական սպառնալիքի ամենաբարձր՝ չորրորդ մակարդակը: Երկրի մնացած մասում այդ մակարդակը կիջեցվի չորս հնարավորից մինչև երրորդ: Վարչապետի խոսքով՝ գոյություն ունեն լուրջ կասկածներ, որ փարիզյանին նման ահաբեկչական գործողությունները կարող են կրկնվել նաև Բելգիայի մայրաքաղաքում: