Եթե Թուրքիան ռուսական Սու-24 ինքնաթիռը խփելով ցանկանում էր խանգարել Սիրիայի իրադրության կարգավորման շուրջ Վիեննայի բանակցություններին և ՌԴ-ի օդատիեզերական ուժերի գործողությանը, ապա դա նրան չի հաջողվի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

 

«Եթե այն, ինչ նոյեմբերի 24-ին արեց թուրքական օդուժը՝ խոցելով ռուսական ինքնաթիռը, նպատակամղված էր այն բանին, որ խափանվեն միասնական հակաահաբեկչական ճակատի ստեղծման հեռանկարները և Վիեննայի խմբի շրջանակներում քաղաքական կարգավորման հեռանկարները, ապա, ես ձեզ հավաստիացնում եմ, որ դա թուրքական կողմին չի հաջողվի»,- ասել է Լավրովը՝ ամփոփելով Սերբիայի իր պաշտոնակից Իվիցա Դաչիչի հետ դեկտեմբերի 2-ին Բելգրադում կայացած բանակցությունների արդյունքները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Ավելի վաղ The New York Times ամերիկյան թերթը հաղորդել է, որ «Վիեննայի ձևաչափով» Սիրիայի իրադրության կարգավորման շուրջ հաջորդ միջազգային հանդիպումը կարող է կայանալ ընթացիկ ամսվա կեսին Նյու Յորքում, եթե դրան չխանգարեն Մոսկվայի և Անկարայի հակասությունները:

 

ՄԱԿ-ում դիվանագիտական աղբյուրների տեղեկությունների համաձայն՝ «այն տերությունների ներկայացուցիչները, որոնք մասնակցել են Սիրիայում պատերազմի դադարեցման նպատակով առաջնահերթ նշանակություն ունեցող կոնսուլտացիաներին, կարող են հանդիպել Նյու Յորքում դեկտեմբերի կեսին, եթե հաջողվի վերացնել Ռուսաստանի և Թուրքիայի միջև ծագած լարվածությունը»: Ինչպես նշել է դիվանագետներից մեկը, ԱՄՆ-ի խոշորագույն մեգապոլիսում այդ շփումների կազմակերպմանը վերաբերող հարցերի համաձայնեցումն արդեն սկսվել է:

 

Սիրիայի շուրջ բազմակողմ բանակցությունները Վիեննայում կայացել են նոյեմբերի 14-ին: Դրանց մասնակիցները պայմանավորվել են Սիրիայում ՄԱԿ-ի հովանու ներքո մոնիթորինգային առաքելության ստեղծման շուրջ, որը կհետևի հրադադարի ռեժիմի պահպանմանը: Վիեննայում մշակված երեքէջանոց փաստաթղթում նաև տեղ են գտել մի շարք նախաձեռնություններ, ներառյալ սիրիական ընդդիմության ուժերի համախմբումը, Սիրիայում նոր կառավարության և սահմանադրության ստեղծման աշխատանքը և 18 ամսվա ընթացքում ընտրությունների անցկացումը»: