Եթե Բաքուն Նարդարանում վերջ չդնի շիաների դեմ բռնաճնշումները, Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարող են վերանայվել: Ադրբեջանական Նարդարան ավանում իրադարձությունները հեղափոխական շարժում են:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով իրանական պաշտոնական IRNA լրատվական գործակալությունը, այս մասին ուրբաթօրյա աղոթքի ընթացքում հայտարարել է Իրանի հոգևոր հայր Խամենեի ներկայացուցիչ այաթոլլա Մոջթահեդ Շաբեսթարին:

 

«Նարդարանի բնակչության նկատմամբ բռնաճնշումներն անընդունելի են, իրավիճակը, որում հայտնվել են տեղի բնակիչները, անհանգստացնող է: Չնայած Ադրբեջանը Իրանին մեղադրում է այդ ավանում իրադարձություններին մասնակցության մեջ՝ իրանական կողմը դրանցում որևէ մասնակցություն չի ունեցել: Նարդարանում տեղի ունեցածը տարերային, հեղափոխական շարժում է»,- նշել է Իսլամական Հանրապետության հոգևորականության բարձրաստիճան ներկայացուցիչը:

 

Մոջթահեդ Շաբեսթարին հիշեցրել է Նարդարանի շիա բնակչության նկատմամբ իրանական չինովնիկների պարտավորությունների մասին և ընդգծել. «Այդտեղ ստեղծված իրավիճակի կարգավորման և նարդարանցիների նկատմամբ բռնաճնշումներին վերջ դնելու համար անհրաժեշտ է դիվանագիտական մեթոդներ կիրառել: Հակառակ դեպքում, եթե դա տեղի չունենա, Ադրբեջանի Հանրապետության հետ Իրանի Իսլամական Հանրապետության մեջև հարաբերությունները վերանայվելու են»:

 

Նարդարանի իրադարձությունների հետ կապված՝ սա արդեն երկրորդ իրանական բարձրաստիճան քաղաքական գործչի հայտարարություն է: Առաջին հայտարարությունն արել է Իրանի խորհրդարանի անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ Մանսուր Հագիգաթփուրը:

 

«Ադրբեջանի իշխանությունները պետք է դաս քաղեն տարածաշրջանի բռնապետերի ճակատագրերից»,- ասել է նա:

 

Ադրբեջանցի շիաների կենտրոն համարվող Նարդարան ավանում նոյեմբերի 26-ին ՆԳՆ կողմից շիա հավատացյալների դեմ իրագործված բռնաճնշումների արդյունքում կալանավորվել են Ադրբեջանի շիաների առաջնորդ Թալե Բաղըրզդեն և ևս 32 հավատացյալ: Ոստիկանների գործողությունները զայրացրել են Նարդարանի բնակիչներին: Նրանց և ոստիկանության միջև բախումներ են սկսվել: Փոխհրաձգությունների հետևանքով երկու ոստիկան և 5 բնակիչ սպանվել է: Հաջորդ օրերին իսլամիստների և ոստիկանության միջև բախումներ են սկսվել նաև Ադրբեջանի շրջաններում' Գյանջայում, Լենքորանում և այլ քաղաքներում:

 

Ադրբեջանի ՆԳՆ-ը և գլխավոր դատախազությունը միջադեպի առնչությամբ հայտարարություն են տարածել, որում ասվում է, որ «ավանի շիա առաջնորդները ծրագրում են բռնությամբ փոխել սահմանադրական կարգը և երկրում շարիաթի նոր օրենքներ մտցնել, ինչի նպատակով նրանք ստեղծել են «Մուսուլմանական միասնություն» անվամբ շարժում, սկսել են իրենց կողմնակիցներ հավաքագրել Բաքվում և երկրի շրջաններում և մատակարարել նրանց զենքով և պայթուցիկ նյութերով, խումբը Նարդարան ավանում անօրինական հավաք է անցկացրել' քննարկելով իշխանությանն անհնազանդության ակցիայի կազմակերպում, թռուցիկներ է բաժանել բնակչությանը և որոշել է պետական չինովնիկների ցուցակը, որոնց դեմ ահաբեկչական գործողություններ էր նախապատրաստվում»:

 

Բելգիայի Գենթի համալսարանի պրոֆեսոր Բրունո դե Կորդյեն, մեկնաբանելով նարդարանյան իրադարձությունները, ընդգծել է, որ այդ առիթով Ադրբեջանի իշխանությունների նյարդայնությունը պայմանավորված է արաբական գարնան հոգեբանական ազդեցությամբ և Ուկրաինայի իրադարձություններով: «Նրանք անհանգստացած են, որ ինչ-որ նման բան կարող է տեղի ունենալ նաև իրենց մոտ», -ընդգծել է բելգիացի պրոֆեսորը: