Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը օրերս հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան քառօրյա պատերազմի 7-րդ տարելիցի կապակցությամբ: Ստեփանակերտը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին մասնավորապես կոչ է արել Արցախում բնականոն կենսագործունեության ապահովման երաշխիքներ ներդնել:

Այս մասով ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում իրավագետ Արտաշես Խալաթյանը նկատում է՝ Արցախի իշխանությունները սկսել են բազմակողմանի գնահատել իրավիճակն ու այլևս ԼՂ անվտանգությունը չեն պայմանավորում միայն Ռուսաստանի հետ: Սա՝ որպես քաղաքական եզրույթ, դրական է:

«Սա առավելապես բարոյական և հանրային նշանակություն ունի, քան իրավական: Թերևս, այս քայլը Արցախի ձայնն ու խնդիրը օրակարգում պահելուն է միտված: Առհասարակ, Հայաստանն էլ՝ որպես ՄԱԿ-ի լիիրավ անդամ, իր գործիքակազմով պետք է և փորձում է հասնել ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից սույն հարցի միջազգայանացմանը, օրինակ, փաստահավաք առաքելության ուղարկման մասով, որովհետև վերոնշյալը հենց ՀՀ-ի տիրույթում է»,- նկատում է նա:

Վերջինիս դիտարկմամբ՝ այս կերպ Արցախը փորձում է իր ձայնը բարձրացնել միջազգայնորեն, որը թե՛ գովելի է, թե՛ ճիշտ, սակայն, կոնկրետ հետևանքների սպասել դրանից պետք չէ: Սա չի կարող միջազգային որևէ ռեզոնանս առաջացնել, սակայն ԼՂ-ի սուբեկտայինության տեսանկյունից, միանգամայն ճիշտ քայլ է:

«Արցախը պետք է այս մասով իր համեստ բաժին ներգրավվածությունն ունենա: Ի վերջո, հարցը հենց նրան է վերաբերվում, և նա պիտի որքան հնարավոր պրոակտիվ լինի, չնայած նրան, որ իր ներկայիս դրությունը խոցելի է: Կարևոր է, որ ԼՂ-ի և ՀՀ-ի միջև լինի լիարժեք փոխըմբռնում, ոչ թե տարըմբռնումներ, որոնք կարող են փչացնել 2 հայկական պետականությունների միջև եղած հարաբերությունները: Պետք է նաև զերծ մնալ արտաքին ուժերի խարդավանքներից: Արցախը պետք է լիովին ապավինի Հայաստանին»,- կարևորեց նա: