Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդի անդամ Մազհար Բաղլըն հայտարարել է, որ Եվրախորհրդարանի կողմից Թուրքիայի հասցեին արված անպատասխանատու հայտարարություններից հետո Թուրքիայի և ԵՄ-ի միջև հարաբերությունները կարող են սառել. փոխանցում է Trend-ը:
«Նման հայտարարությունները կարող են սառեցնել Թուրքիայի և ԵՄ-ի միջև հարաբերությունները, սակայն լայն մասշտաբով չեն ազդի Եվրամիության հետ մեր ունեցած հարաբերությունների վրա»,-ասել է Բաղլըն:
Նշենք, որ ավելի վաղ Եվրախորհրդարանը հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշվում էր, որ Թուրքիան ոտնահարում է ցուցարարների իրավունքները: Բաղլըի կարծիքով' Եվրախորհրդարանի հայտարարությունը շուտափույթ բնույթ է կրում: Նախքան նման որոշում կայացնելը անհրաժեշտ էր հանգամանորեն ուսումնասիրել Թուրքիայում տիրող իրավիճակը և միայն դրանից հետո պաշտոնական հայտարարություններ անել այդ կապակցությամբ:
Բաղլըն նաև նշել է, որ եվրոպական երկրներում տնտեսական անկման ֆոնի վրա Թուրքիայի տնտեսական աճն ու զարգացումը առիթ են տալիս մտածել, որ նման հայտարարություններն արվում են Թուրքիայի նկատմամբ նախանձից դրդված. մեջբերում է գործակալությունը: