Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի կարգադրությամբ՝ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին զրկվել է Վրաստանի քաղաքացիությունից:
Մեր նախագահներն իրար հետ երբեմն բարդ, լարված հարաբերություններ են ունենում, բայց, փառք Աստծո, որ Հայաստանում գործող նախագահը երբեք չի մտածում իր նախորդներին քաղաքացիությունից զրկելու կամ նրանց նկատմամբ քրեական հետապնդում սանձազերծելու մասին: Ընդ որում՝ մենք ավելի բարդ իրավիճակներ ենք տեսել, օրինակ՝ Հոկտեմբերի 27 կամ Մարտի 1, բայց կրկնում եմ՝ նախագահների բարդ հարաբերությունները նման անցանկալի հանգուցալուծումների չեն բերել:
Անկեղծ ասեմ՝ Վրաստանի այսօրվա իշխանությունն ինձ դուր չի գալիս, մի տեսակ անդեմ է, բայց ավելի անդուր է, որ հարևան երկիրն այսօր ղեկավարվում է ոչ թե սահմանադրական լեգալ մարմինների միջոցով, այլ ստվերից, օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի բիզնես-կենտրոնից:
Բնավ չեմ բացառում ու հնարավոր եմ համարում, որ իսկապես նորերը որոշ դեպքերում իրավականն ու քաղաքականը խառնել են իրար ու նախկինների, այսինքն՝ Միշայի կողմնակիցների նկատմամբ հաշվեհարդարի փորձեր են անում: Սա ոչ միայն բացառելի չէ, այլև նույնիսկ օրինաչափություն է հետսովետական տարածքի անգամ այն երկրների համար, որոնք, կարծես թե, հաղթահարել են անցյալի կարծրատիպերը:
Բայց այս պատմության մեջ ավելի շատ մեղադրում եմ Միխեիլ Սաակաշվիլիին, եթե նույնիսկ նրա տեսակը շատերին դուր է գալիս՝ իր կրեատիզմով: Հայաստանի ոչ մի նախկին նախագահ չհեռացավ երկրից, թեև մինչև հիմա էլ կան մարդիկ, ովքեր առաջարկում են «կախել» Լևոն Տեր-Պետրոսյանին՝ «լափած մազութի», Ռոբերտ Քոչարյանին՝ Մարտի 1-ի կամ Հոկտեմբերի 27-ի համար:
Եթե նույնիսկ արդարադատությունը կատարյալ չէ ու ղեկավարվում է «զանգով», քաղաքական գործիչը պարտավոր է մնալ հայրենիքում ու պաշտպանվել' թեկուզ զրկանքների, ապօրինի կալանքի գնով: Հավատացեք՝ քաղաքացիներն անպայման կգնահատեն իրենց առաջնորդի այդ որակները:
Բայց Միշան գերադասեց հեռանալ երկրից ու հազարավոր կիլոմետրերի հեռավորությունից պատերազմ հայտարարել Բիձինայի թիմին՝ հարվածի տակ դնելով թե՛ այն երկրի հեղինակությունը, որը ղեկավարելու պատիվ է ունեցել և թե՛ իր կողմնակիցներին, ովքեր մնացել են հայրենիքում ու հաճախ վտանգելով իրենց անձը՝ պայքարում են «Վարդերի հեղափոխության» արժեքների համար:
Սաակաշվիլին գերադասեց քաղաքական կենսագրություն կերտել այլ երկրում՝ Ուկրաինայում՝ ստանալով քաղաքացիություն ու նշանակվելով Օդեսայի նահանգապետ: Այս քայլով Միշան անուղղակի հասկացրեց, որ Վրաստանը չկայացած մի պետություն է, այլապես հնարավոր չէ պատկերացնել, որ սուվերեն երկրի նախագահը ցածրակարգ պաշտոն կարող է զբաղեցնել մեկ այլ երկրում:
Միշան ինքն իրեն օտարեց Վրաստանից ու բարոյական, իրավական հիմքեր ստեղծեց, որպեսզի իշխանությունները նրան զրկեն քաղաքացիությունից: Գուցե դաժան հնչի, բայց Վրաստանի նախկին նախագահն իր երկրի ինքնիշխանությունը զոհաբերել է Օդեսայի նահանգապետի պաշտոնին,, ու խիստ օրինաչափ է, որ Վրաստանի ներկայիս՝ գուցե իսկապես անդեմ իշխանությունը նրան զրկում է քաղաքացիությունից ու երկրում քաղաքական հավակնություններ ունենալու իրավունքից:
Սուրեն Սուրենյանց