Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որը Սահմանադրական դատարանին թույլ է տալիս անհնար համարել միջազգային դատարանների վճիռների իրագործումը, եթե դրանք հակասում են Ռուսաստանի Սահմանադրությանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ ՌԴ նախագահը հայտնել էր, որ կարևոր է համարում Սահմանադրական դատարանին հնարավորություն տալ որոշումներ ընդունել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործունեության վերաբերյալ այն մասով, որը վերաբերում է ռուսական օրենսդրությանը:
Օրենքի համաձայն՝ ՍԴ-ն կարող է Ռուսաստանի իշխանություններին հնարավորություն տալ հրաժարվելու ոչ միայն ՄԻԵԴ-ի, այլև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության ցանկացած միջպետական մարմնի վճռի իրագործումից:
Միջազգային իրավունքի նկատմամբ ազգային իրավունքի գերակայության մասին բանավեճը սկսվել է ՅՈՒԿՈՍ-ի վերաբերյալ ՄԻԵԴ-ի վճռից հետո, որի հետևանքով մեծ տուգանքների պատճառով արտասահմանում ռուսական ունեցվածքը կալանքի առնելու ռիսկեր առաջացան: