Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը դեկտեմբերի 16-ին հայտարարել է, որ ուկրաինացի իրավապահները հայտնաբերել են նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի և նրա ընտանիքի արխիվը, մասնավորապես, փաստաթղթեր, որոնք վերաբերում են օֆշորային ընկերությունների, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հենց նոր կառավարության անդամներին տեղեկացրեց Ազգային ոստիկանության, Պետական ֆիսկալ ծառայության կողմից գլխավոր դատախազության աջակցությամբ անցկացված հատուկ գործողության մասին: Հատուկ գործողության արդյունքում առաջին անգամ մեր իրավապահ համակարգի կողմից հայտնաբերվել է Յանուկովիչի ընտանիքի և հենց նրա ամենամեծ արխիվը»,- հայտնել է Յացենյուկը նախարարների կաբինետի նիստում:
Իր հերթին Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը հայտնել է, որ իրավապահները գտել են Յանուկովիչի փաստաթղթերի բնօրինակները, մասնավորապես, «մի շարք ընկերությունների, այդ թվում՝ արտասահմանյան, շրջանառու հաշիվները»:
«Սա շատ մեծ քայլ է հետաքննիչների համար»,- նշել է նախարարը:
Քննիչների տվյալներով՝ գործողության ընթացքում առգրավվել են ավելի քան 330 օֆշորային ֆիրմաների վերաբերող փաստաթղթեր, նախկին նախագահի անձնական փաստաթղթեր, ինչպես նաև անշարժ գույքի, մասնավորապես, «Մեժիգորյե»-ի նստավայրի փաստաթղթերի բնօրինակներ:
Վարչապետն իրավապահ գերատեսչությունների ղեկավարներին, ինչպես նաև ԱԳ նախարարությանը հանձնարարել է համագործակցել այն երկրների հետ, ուր «տարվել են Ուկրաինայի բյուջեի փողերը», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: